Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք պատգամավոր Մեվլութ Չավուշօղլուի ընտրվելու համար որոշակի դեր է խաղացել այն փաստը, որ հայկական պատվիրակության անդամները հրաժարվել են ստորագրել Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության տակ, որով հնարավոր կլիներ կասեցնել այդ գործընթացը։ «Պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը մի նախագիծ էր ներկայացրել, ըստ որի բոլոր այն երկրները, որոնք մոնիթորինգի տակ են գտնվում, նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք չունենան»,- հստակեցրեց Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ ԵԽԽՎ թուրք ղեկավարը հակահայկական դիրքորոշում չի ցուցաբերի, եւ հայկական պատվիրակությունը նրա հետ աշխատելիս լուրջ խնդիրների չի հանդիպի։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ ԵԽԽՎ նախագահ է ընտրվել ազգությամբ թուրք պատգամավոր Մեվլութ Չավուշօղլուն, ով այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի 63-ամյա իսպանացի սոցիալիստ Լուիս Մարիա դե Պուչին։




























