Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդական հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 25-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հերթական եռակողմ հանդիպմանը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ն հայտնում են, որ հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:
Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն է եւ չորրորդը նման ձեւաչափով` ՌԴ նախագահի մասնակցությամբ:
Ռուսաստանի նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ նախագահների հանդիպումը շարունակվել է ոչ պաշտոնական միջավայրում. երեք նախագահները միասին ճաշել են:
Սոչիում նախատեսված է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեի հետ:
Այսօր ուշ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երեւան:




























