Հայաստանի ԱԺ ղեկավարության կողմից ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության առավել կառավարելի դարձնելու ջանքերը, որն արտահայտվեց պատվիրակության մշտական կազմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զ. Փոստանջյանին հեռացնելու տեսքով, վերջինիս հետեւողական ջանքերի շնորհիվ ի չիք դարձավ։ Այդ մասին ասված է «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության՝ հունվարի 25-ին տարածած հայտարարության մեջ:

«Իշխանությունների այսօրինակ ապիկար գործողությունները, որոնք շարունակաբար խայտառակում են հանրապետության վարկը, արդեն հիվանդագին երանգներ են ձեռք բերում»,- նշել են հայտարարության հեղինակները եւ հավելել. «Մենք հայտարարում ենք, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերի ներկայությունը դաշնակցական կեղծ ընդդիմությունով նենգափոխելու ձեռնածությունը չի անցնելու։

Համոզված ենք, որ հայ հասարակության գերակշիռ մասը ընդդիմության իրական ներկայացուցիչ է համարում „Ժառանգություն“ կուսակցության անդամ Զ. Փոստանջյանին, որը հետեւողականորեն բարձրաձայնում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման եւ քաղբանտարկյալների խնդիրները»։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն իր ձմեռային նստաշրջանի ընթացքում չի հաստատվել հայաստանյան պատվիրակության լիազորությունները, քանի որ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատվիրակության մշտական կազմից հանել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ նրան փոխարինելով ՕԵԿ-անդամով: «Հայաստանի խորհրդարանը չարաշահել է պատվիրակության ձեւավորման կանոնները»,- պատճառաբանել էին ԵԽԽՎ խորհրդարանականները: