Ռուսաստանը բոլորովին էլ շահագրգռված չէ, որ միակողմանի առավելությունների հասնի Հայաստանի համար՝ ի վնաս Ադրբեջանի, այլ որ այդ տարածաշրջանում կայունություն լինի: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իր վերջին հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

«Հայ-ադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է գտնել Ղարաբաղի նոր, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ»,- նշել է ռուսաստանցի քաղաքական գործիչը:

Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ այստեղ մեծ դաշտ կա Վաշինգտոնի եւ Մոսկվայի համագործակցության համար:

Հիշեցնենք, որ լատվիական թերթերից մեկին տված հարցազրույցում Ժիրինովսկին համոզմունք էր հայտնել, որ եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, Ռուսաստանը պետք է ճանաչի այն: Ընդ որում, նա նկատել էր, որ Ռուսաստանն արդեն 16 տարի կոչ է անում ճանաչել Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը:

Գործչի այդ հայտարարությունից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ԱԳՆ-ին բողոքի նոտա էր հղել, որտեղ նշել էին, որ նրա հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն եւ տառին: