Թուրքիայի Իգդիրի քուրդ քաղաքապետի եւ նրա ութ կուսակից ընկերների ձերբակալություններից հետո քաղաքում շարունակվում է լարվածությունը։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Փերվին Բուլդանը Իգդիրի իրենց կուսակցության գրասենյակի առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով իշխանություններին, որ վերջիններս ժողովրդի կամքին պատասխանում են ձեռնաշղթաներով։ «Ժողովրդավարական նախաձեռնություններից խոսողները աշխատում են քրդերին ոչնչացնել, իսկ ընտրված քաղաքապետերին բանտեր են նետում»,-նշել է քուրդ պատգամավորը։

Պատգամավորի ելույթից հետո հավաքված քրդերը փորձել են երթ կազմակերպել, սակայն ոստիկանությունը արգելել է, որից հետո հավաքվածները, բաժանվելով խմբերի, քարկոծել են ադրբեջանցիներին պատկանող խանութներն ու տաղավարները։ Քրդերի հետ փողոցներում փայտերով ու մահակներով մարտի մեջ են մտել ազգայնականները։ Ոստիկանությանը հաջողվել է մեծ դժվարությամբ դադարեցնել բախումները եւ ձերբակալել 53 հոգու։ Կան վիրավորներ նաեւ ոստիկանության շարքերում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 21-ի առավոտյան թուրքական ժանդարմերիան ձերբակալել է Իգդիրի քուրդ քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մեհմեդ Նուրի Գյունեշին։ Վերջինս Մեղադրվում է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) հետ կապեր ունենալու մեջ: