Հունվարի 25-ին Սոչիում Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիեւ, Դմիտրի Մեդվեդեւ եռակողմ հանդիպումը տվեց այն ակնկալիքները, որ կար մինչ հանդիպումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար, նախկին դաշնակցական գործիչ Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ եթե 2009 թվականը ԼՂ հարցում նախապատրաստական տարի էր, ապա 2010-ը խնդրի կարգավորման տեսանկյունից գործնական տարի է լինելու:

Նրա ներկայացմամբ, թեեւ չի հրապարակվում, թե ինչ բովանդակություն ունի կողմերի միջեւ նախապատրաստվող փաստաթղթի պրեամբուլան (նախաբան), որի շուրջ նրանք արդեն համաձայնության են եկել, սակայն ենթադրելի է, որ այն ներառելու է մադրիդյան սկզբունքները, այսինքն նշվելու է, որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներով, որոնք, իրականում, իրար հակասող սկզբունքներ են: «Հայկական կողմի համար ձեռքբերում կարող է լինել այն, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցելու է բանակցությունների: Դժվար է ասել, թե ինչ կարգավիճակով է մասնակցելու, քանի որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի, որ հայերը մասնակցեն երկու ձայնով, սակայն ամեն դեպքում ԼՂ մասնակցությունը կարող է ինչ-որ պահի վճռորոշ լինել բանակցային գործընթացում»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը:

Հարցին, թե այդ ո՞վ է պաշտոնապես հայտարարել, թե համաձայնեցված պրեամբուլայում խոսք կա բանակցություններին ԼՂ-ի մասնակցության մասին, նշվեց, որ այդ մասին արտահոսք է եղել որոշ լրատվամիջոցների միջոցով, սակայն պաշտոնապես ոչինչ հայտնի չէ: Իսկ սա նշանակում է, որ այդ տեղեկությունը կարող է ինչպես ճիշտ լինել, այնպես էլ սխալ լինել: