Հայաստանը, որ 2006-ի աշնանը միացել է Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, դրանով իսկ պարտավորվել է մինչեւ 2015թ. լուծել հեռուստատեսության թվայնացման հարցը։ Հատկանշականը, սակայն, այն է, որ սա, բացի պարտավորվածություն լինելուց, կարծես հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների համար խթան է հանդիսացել՝ գիտակցելու, որ անալոգային հեռուստատեսությունն, ինչպես ամեն մի հին բան, այսօր արդեն սպառել է իրեն, եւ վաղուց ժամանակն է անցնել թվային հեռարձակման։ Նրանցից, գոնե մի քանիսը, նման կարծիք հայտնեցին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Այսպես, հարցված գրեթե բոլոր հեռուստաընկերությունների («Հ1», «Շանթ», «Ար», «Երկիր մեդիա», «Երեւան», «ԱԼՄ») ներկայացուցիչները հավաստեցին, որ իրենց ներքին ցանցում հեռարձակումն արդեն իսկ թվային մեթոդով է իրականացվում։ Նրանց խոսքով, դա այնքան էլ ծախսատար չէ, եւ այն պատկերացումները, թե հեռուստատեսության թվայնացման համար աստղաբաշխական գումարներ են պետք, չեն համապատասխանում իրականությանը։ «Դժվար է այն հեռուստաընկերությունների համար, որոնք գործընթացը պետք է սկսեն զրոյից։ Իսկ „Երկիր մեդիան“, օրինակ, հիմնադրման առաջին օրերից միանգամից թվային տեխնիկա է ձեռք բերել եւ գործնականում պատրաստ է ամենամոտ ժամկետներում անցնել թվային հեռարձակման»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նույն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը։ «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կարապետյանն էլ, իր հերթին, տեղեկացրեց, որ իրենց հեռուստաընկերության թվայնացման համար մոտավոր հաշվարկներով 600 հազար դոլար է անհրաժեշտ։

Խոսելով թվային հեռուստատեսության առավելությունների ու թերությունների մասին, հեռուստաընկերությունների ներկայացուցիչները որպես ամենակարեւոր հանգամանք նշեցին որակը, պատկերի մաքրությունը։ Թերությունների մասով մասնագետները դժվարացան որեւէ բան ասել. «Քանի դեռ հեռուստահեռարձակումն այդ ֆորմատով չենք իրականացնում, թերությունների եւ դժվարությունների մասին, բնականաբար, որեւէ կոնկրետ բան ասել հնարավոր չէ»,- նշեց «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր ինժեները։

Հարցին, թե մտավախություն չունե՞ն արդյոք հեռուստաընկերությունները, որ թվայնացումից հետո հեռարձակվելով վճարովի հիմունքներով, կարող են կորցնել հեռուստալսարանի մեծ մասը, մասնագետները նշեցին, որ դա իրենց մտահոգության ամենագլխավոր առարկան է. «Թվայնացված հեռուստատեսությունը, որ հնարավորություն է ընձեռելու հեռուստադիտողին իր նախընտրած հաղորդումները նայել իր ուզած ժամին, դա, իհարկե, անելու է ֆիքսված ամսավճարի դիմաց։ Դատելով նրանից, որ շատերը չեն կարողանա կամ չեն ցանկանա վճարել սահմանված գումարը, հեռուստալսարանի թիվն, անկասկած, կտրուկ կնվազի»,- համոզմունք հայտնեց «Երեւան TV» հեռուստաընկերության գլխավոր ինժեները։

Ինչեւէ, ակնհայտ է, որ թվայնացման խնդրով պայմանավորված ՝ հեռուստադիտող կորցնելու մտավախություն ունեն անխտիր բոլոր հեռուստաընկերությունները, բայց քանի դեռ գործընթացը, նրանց իսկ խոսքերով, «հայեցակարգային փուլում է եւ գոյություն ունի միայն կառավարության որոշման տեսքով», իրենք դեռեւս անհանգստանալու կարիք չունեն։