Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում եւ անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն:
Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության եւ կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, որն անցկացվել է հանրապետության երկու զորամասերում, գնահատվել է արդյունավետ: Զինծառայողների դասընթացները կազմակերպվել են մանկավարժական համալսարանի գործուղած դասախոսների միջոցով: Զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ծրագրում ընդգրկված 122 զինծառայողներից հանրապետության տարբեր բուհեր են ընդունվել 52-ը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ 5-ը, իսկ ուսումնարաններ՝ 8-ը: «Տեսանելի է նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Եթե ծրագիրը շարունակվի, ապա դրանում պետք է ներառվեն ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի զորամասերը»,- ասել է Տոնոյանը:
Հաշվի առնելով զինծառայողների գերակշիռ մասի հետաքրքրությունը կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների նկատմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է միջնակարգ, այդ թվում՝ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթությունը ՀՀ-ում դարձնել պարտադիր, ուստի զինվորական ծառայությունից զորացրվածների կարճաժամկետ անվճար ուսուցման կազմակերպման հնարավորությունը ՀՀ ՊՆ-ի կողմից ողջունելի է համարվել: Նշվել է, որ այն կնպաստի նաեւ ԶՈՒ-ը վարպետ մասնագետներով պայմանագրային զինծառայության հիմունքներով համալրմանը եւ ենթադրում է անվճար մասնագիտական կրթության եւ ուսուցման մատչելիության ապահովում հասարակության բոլոր խավերի երիտասարդների համար:
Այնուհետեւ անդրադարձ է կատարվել անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար իրականացված կրթական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին: Ծրագիրն անցկացվել է Լոռիի մարզում եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի հետազոտության փուլում ներառվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան 3664 երեխաներ, որից 339-ը Շենգավիթ վարչական շրջանի անապահով ընտանիքների երեխաներն են: Նշվել է, որ նրանց մի մասը բուհերում կամ արհեստագործական համակարգերում արդեն իսկ սովորելիս են եղել: Կրկնուսույցների մոտ սովորելու ցանկություն են հայտնել 483-ը, որոնցից 288-ն արդեն իսկ ընդունվել են բուհեր, 286-ը՝ միջին մասնագիտական համակարգ: Տեղեկացվել է, որ Շենգավիթում 62, իսկ Լոռիի մարզում 140 երեխաներ սկսել են կրկնուսույցների մոտ մասնակցել կրթական պարապմունքներին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Սարգսյանը նախ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել եւ ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները: «Պետք է այս ծրագրերը շարունակենք եւ ընդլայնենք: ԶՈՒ-ում ծրագրի նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է եւ մենք պարտավոր ենք բոլոր զորամասերում կիրառել այն: Անհրաժեշտ է լուրջ ուշադրության կենտրոնում պահել նաեւ սոցիալապես անապահով խավերին՝ ծրագրին վերջիններիս ներգրավելու եւ նրանց թիվն ընդլայնելու համար: Ինտեգրացված սոցիալական ծառայության աշխատակիցները պետք է բացահայտեն անապահով ընտանիքների խնդիրները՝ վերջիններիս համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Պետք է ծրագրին մասնակից դարձնենք ոչ միայն մակնավարժական, այլեւ հանրապետության մյուս համալսարաններին, քանի որ այն ունի սոցիալական ուղղվածություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաեւ շարունակել հանրապետության բոլոր զորամասերը համակարգիչներով եւ ինտերնետ կապով համալրելու աշխատանքները:
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաեւ մի շարք առաջարկներ՝ դրանք ծրագրում ներառելու համար:




























