Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, որը Երեւանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր, Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտավորեցնում է աշխատանքային կարգով ամեն օր անդրադառնալ այդ հարցերին: Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները»:
Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լավագույն բարեմաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը:
Հանրապետության նախագահը եւ Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում տնտեսական վիճակի, ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Նրանք խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին:




























