Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ընթացակարգային, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը հունվարի 26-ին քննարկվել է Հայաստանի պատվիրակության չհաստատված մանդատների հարցը՝ նախապես հաստատված ժամի փոփոխությամբ: Այդ մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ կուսակցության՝ քննարկմանը տեղեկացված չի եղել եւ չի մասնակցել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ինչն էլ «Հայաստանի պատվիրակության ղեկավարին թույլ է տվել նենգափոխել հայկական պատվիրակության մանդատների չհաստատման համար հիմք ծառայած օրինախախտման էությունը: Դատելով քննարկման արդյունքում կազմված զեկույցից՝ ԵԽԽվ ընթացակարգի 6.2 կետի խախտումը չի քննարկվել կամ միտումնավոր շրջանցվել է»:

«Տիկին Փոստանջյանի անտեղյակությամբ կայացած նիստում շրջափակելով 6.2 կետի խախտման հիմնավորումներ ներկայացնելու հնարավորությունը, „Ժառանգությունը“ հարկադրված էր հիմնավորումները գրավոր կերպով դնել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ»,- նշել են «Ժառանգության» պատասխանատուներն ու հավելել, որ այսօր ավելի ուշ շրջանառության մեջ է դրվելու ՀՀ պատվիրակության մանդատները չհաստատելու մասին որոշման նախագիծ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հանձնաժողովը այսօր հաստատել է հայաստանյան պատվիրակության մանդատները, թեեւ նախօրեին չէր հաստատել: Պատճառն այն էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոփոխել էր պատվիրակության մշտական կազմը՝ Զարուհի Փոստանջյանի փոխարեն պատվիրակության կազմում ներգրավելով կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ի ներկայացուցչին: