«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, բացվել է Sevada Art Studio-ի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ուղղված է խաղաղության, հանդուրժողականության եւ մարդու իրավունքների խթանմանը եւ նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:

Ստուդիայի 70 սաների շուրջ 100 աշխատանք էր ներկայացված ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Sevada Art Studio-ի կողմից՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) օժանդակությամբ, Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության եւ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի միջոցառումների շրջանակում:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր խոսքում ասել է. «Իրապես խորհրդանշական է, որ երեխաները նույնպես մասնակցում են մեկ տարի շարունակված տոնակատարություններին: Նրանք մեր ապագան են, եւ ՄԱԿ-ն աջակից է նրանց ստեղծագործական մտքի, նախաձեռնականության զարգացմանը եւ նրանց մասնակցությանը մարդու իրավունքների խթանմանը: Վստահ եմ, որ մեծանալով՝ այս երեխաները դառնալու են իրենց համայնքների ակտիվ անդամներ»:

«Ուզում եմ իմ խորին շնորհակալանքի խոսքը հղել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին եւ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին՝ մեր սաների աշխատանքները հանրությանը ներկայացնելու այս հնարավորության համար: Մենք այս ցուցահանդեսը նվիրում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյա հոբելյանին՝ ի նշան մեր երախտիքի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անձնվեր աշխատանքի եւ Հայաստանի բնակչության բարեկեցության բարելավման ջանքերի համար»,- ասել է Sevada Art Studio-ի հիմնադիր, գեղանկարիչ Սամվել Սեւադան:

Ցուցահանդեսի մասնակիցներին տրամադրվեցին ՄԱԿ ՀՏՎ-ի կողմից նախապատրաստված գնահատանքի վկայագրեր եւ ՄԱԿ-ի հրատարակություններ:

Sevada Art Studio-ն Երեւանում գործում է արդեն ութ տարի: Այդ ընթացքում հարյուրավոր երեխաներ հնարավորություն են ունեցել սովորել գեղանկարչություն եւ լուսանկարչություն:

Նշենք, որ 1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 67 տարի առաջ, ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին՝ նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո: