Մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ Չեխիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը  պահանջել է հյուրանոցի նախագահական լյուքս համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը։

«Տեղեկատվությունը բացարձակ սուտ է, եւ չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, հոկտեմբերի վերջին Չեխիա կատարած այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փայլել է իր նկատմամբ թանկարժեք վերաբերմունք ցուցաբերելու պահանջներ ներկայացնելով։ «Ժամանակ» թերթի տեղեկություններով, Հ. Աբրահամյանը պահանջել է, որ իրեն Պրահայի ամենաթանկարժեք հյուրանոցում հատկացնեն նախագահական լյուքս համար, որի մեկ օրվա արժեքն ավելի քան 7-8 հազար դոլար է։ Բանն այն է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Չեխիա էր մեկնել այդ երկրի Սենատի նախագահի հրավերով, եւ հրավիրող կողմն էլ հոգացել էր այցի ծախսերը։ Երբ դիմավորողները ՀՀ պատվիրակությանը ներկայացրել են, թե որտեղ պետք է իջեւանեն, Աբրահամյանին դուր չի եկել իր հյուրանոցային համարը, եւ նա պահանջել է նախագահական համար։ Չեխական կողմը հայտնել է, որ ՀՀ ԱԺ ղեկավարին հատկացվել է նախագահական համար, բայց Հ. Աբրահամյանը լուր է ուղարկել, որ ինքը ցանկանում է նախագահական համար զբաղեցնել այն հյուրանոցում, որտեղ երբեւէ իջեւանել են ԱՄՆ եւ ՌԴ նախագահները։

Երբ «մերոնք» չեխական կողմին հայտնել են Արգամիչի «թանկարժեք» ցանկությունը, նրանք նախ ապշահար են եղել, իսկ հետո հայտնել են, որ իրենց բյուջեում նման ծախսեր նախատեսված չեն, հատկապես, երբ ՀՀ պատվիրակության այցը քառօրյա էր։ Հ. Աբրահամյանն էլ ստիպված է եղել գիշերել մեկ օրվա համար ընդամենը 1-2 հազար դոլար  արժեցող համարում»: