Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Գյումրիում տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ Փոստմարկետ ծառայության անվանացանկի 3-րդ թողարկման ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում անցկացված խաղարկության արդյունքում Գյումրիի բնակիչները տարբեր նվերներ են ստացել:
Փոստմարկետը հեռահար առեւտրի արդեն հաջողված ծառայություն է, որի մեկնարկը տրվել է այս տարվա ամռանը: Ծառայությունը մեկնարկել է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի զարգացման ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ:
ՓոստՄարկետ կատալոգի տպագիր տարբերակները հասանելի են Հայաստանի ողջ տարածքում գործող ՀայՓոստի մոտ 900 փոստային բաժանմունքներում:
Արդեն 2013 թվականին ՀայՓոստը կընդլայնի ՓոստՄարկետ կատալոգի միջոցով վաճառքների իրականացման առաջարկը` ներկայացնելով իր Post E-market-ը եւ ներգրավելով միջազգային գործընկեր կազմակերպություններին:
Հայփոստը նաեւ ծրագրում է իրականացնել ՓոստՄարկետ անվանացանկում տեղ գտած ապրանքների ապառիկ վաճառք:
Նոր ծառայությունների, բիզնես մոդելների, առաջատար տեխնոլոգիաների եւ Հայաստանի ամբողջ տարածքում փոստային բաժանմունքների ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված խոշոր ներդրումներն ընդգծում են Հայփոստի ծառայություններից օգտվելու հավասար հնարավորությունների ստեղծման կարեւորությունը` ապահովելով բարձրակարգ սպասարկում հավասարապես եւ’ մայրաքաղաքի եւ հեռավոր գյուղերի բնակիչների համար:






























