Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի առաջիկայում, քանի որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատելու գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին ադրբեջանական Trend News գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուն:
«Կան որոշումներ, որ ընդունվել են ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ որոշումները պետք է կատարվեն: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պետք է շարունակի իր գործունեությունը, որ այդ հակամարտությունը լուծվի կարճ ժամկետում, քանի որ այն կայունության դեմ ծառացած գլխավոր խոչընդոտն է: Այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Շատ երկրներ աջակցություն են ցուցաբերում: Մենք բանաձեւեր ունենք այդ հարցով: Նաեւ օրակարգում է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի հարցը: Հնարավոր է, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվել է: Բայց վերջնարդյունքում, մենք, որպես Եվրոպայի Խորհուրդ, պետք է լուրջ նպաստ բերենք այդ հաշտեցմանը»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Միեւնույն ժամանակ, Չավուշօղլուն խուսափել է մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները՝ ամփոփելով, որ սխալ կլինի, եթե ինքը՝ որպես ԵԽԽՎ նախագահ, քննարկեր նման «յուրօրինակ թեմաները»: «Մեր ցանկությունը կայանում է նրանում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Այստեղ կան հարցեր՝ կապված ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ: Անուղղակիորեն, մենք նաեւ ուզում ենք, որ այդ հարցը կարճ ժամանակում լուծվի հաշտեցման ճանապարհով»,- ասել է Չավուշօղլուն:
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ կազմակերպությունը պետք է մեծացնի իր արդյունավետությունը, որ նրա ընդունած որոշումները կատարվեն պատշաճ կերպով: «ԵԽ որոշումները մի շարք երկրներում հարկ եղած կերպով չեն կատարվում: Անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները լիովին չեն կատարվում: Այդ իրավիճակի դեմ լուրջ պատժամիջոցներ չկան, որ հնարավոր լիներ կիրառել»:
Միակ պատժամիջոցը, ըստ նրա, դա մասնակիցների անդամության սառեցումն է կամ զրկումը, բայց «Դա չի աշխատել առ այսօր»: «Անուղղակիորեն, դա նաեւ արդյունավետ մեխանիզմ չէ, բայց վերջին հաշվով մենք պետք է բարձրացնենք արդյունավետությունը, որ որոշումները կատարվեն»,- հավելել է ԵԽԽՎ նախագահը:




























