Նաիրի Հունանյանը չի կարող մասնակցել մոր հուղարկավորությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, քրեակատարողական ծառայության մասին օրենքում եւ քրեական դատարավության օրենսգրքով արգելվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալներին, կարճատեւ տեսակցության գնալ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար: Մնացած բոլոր դատապարտյալներին թույլատրվում է։
Հարցին, թե Նաիրի Հունանյանին արդեն տեղեկացրե՞լ են այդ մասին, նա պատասխանեց, որ Հունանյանի մոր մահվան մասին հարազատներից կամ որեւէ մեկից պաշտոնական թուղթ իրենց չի փոխանցվել: «Քրեակատարողական հիմնարկներում կան սոցիալ հոգեբանական եւ իրավաբանական բաժիններ: Երբ տեղեկատվությունը մեզ փոխանցվի, մեր հոգեբանները նրան այդ մասին կտեղեկացանեն»,- ասաց Գոռ Ղլեչյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայի առափնյա տարածքում, ափից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր Նաթելլա Գալստյանի մարմինը: Հիշեցնենք, որ 13 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների: Պատգամավորները մեկ օր շարունակ պատանդ էին մնացել խորհրդարանի դահլիճում, որից հետո ահաբեկիչները հանձնվել էին իրավապահ մարմիններին: Մինչ այդ Նաիրի Հունանյանն առանձնազրույց էր ունեցել այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանց նկատմամբ դատավարությունը տեւել է երեք տարի, որի արդյունքում 5 ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Դատավարության ընթացքում ահաբեկչության կազմակերիչները չեն հայտնաբերվել:





























