Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Աֆղանստանին աջակցություն ցուցաբերելու հարցով միջազգային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր գործընկերների հետ:

Հանդիպումներից մեկում, որ կայանալու է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ, Մամեդյարովը քննարկելու է երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Նախօրեին թուրքական NTV-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ մտադիր է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Լոնդոնում քննարկել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները:

Բացի այդ, Դավութօղլուն նկատել է, որ լոնդոնյան համաժողովի շրջանակներում նախատեսում է հանդիպել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ քննարկելու վերոնշյալ հարցերը:

Լոնդոնում հունվարի 28-ին կայանալիք համաժողովի հիմնական նպատակն է լուծել միջազգային հանրության կողմից Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու հարցը՝ երկրում իրավիճակի կայունացման եւ պետության նորմալ գործունեության համար: