ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի կարողանա մասնակցել նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, բայց նա կողմ է այդ հարցն ԱԺ օրակարգ մտցնելուն: Այս մասին հայտարարություն է տարածել պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ բացակայությունն այդ նիստին կարող է դառնալ որոշ շահագրգիռ կասկածելի պատգամավորների կամ պատգամավորուհիների համար շահարկման առիթ՝ տեղեկացնում եմ լրատվամիջոցներին ու հանրությանը, որ նույն օրը Բրյուսելում կայանալու է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Իսկ այնտեղ ես խնդիր ունեմ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր բարձրացնելու եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանն ուղղված աշխատանքներ կատարելու: Որեւէ այլ պատճառով սպասվող գործուղում կարող էի հետաձգել, բայց ոչ այս հարցերի շուրջ:
Իսկ շահարկումներ թույլ չտալու համար ներկայացնում եմ դիրքորոշումս՝ անշուշտ օրակարգի վերը նշված հարցը կքննարկվեր, կհայտնեի իմ կարծիքը, որոշ հարցերի վերաբերյալ դրական, որոշ հարցերի առնչությամբ կակնկալեի լրացուցիչ բացատրություն, բայց քվեարկելու էի կողմ: Կրկնում եմ, որպես ԲՀԿ միակ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում հայտնում եմ իմ դիրքորոշումը՝ ես կողմ եմ այդ հարցն ԱԺ նիստի օրակարգ մտցնելուն: Ցավոք, մասնակցել հանձնաժողովի աշխատանքին այդ օրը չեմ կարողանա վերը բերված պարզ հիմնավորմամբ»:
Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի եւ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին: Նիստին ներկա 8 անդամների կողմ եւ դեմ ձայները հավասար կիսվել են: Հանձնաժողովի 9-րդ անդամը՝ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել էր դահլիճը ու այդպես էլ չէր վերադարձել, որի արդյունքում հնարավոր էր եղել տապալել հարցի ընդգրկումը ԱԺ օրակարգում: «Ուրիխանյանը թռավ»,- բացականչել էր հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել: Դրան հաջորդել էին հայտարարություններ Զարուհի Փոստանջյանի եւ Տիգրան Ուրիխանյանի կողմից:





























