Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցին, քանզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որոշակի հույսեր է կապում դրա հետ,- հաղորդում է «Զամանը»։ Բացի այդ, Դավութօղլուն կարծում է, որ Մոսկվան դրական դեր է կատարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման գործում։

«Մոսկվան աջակցում է Երևանի ու Անկարայի հարաբերությունների վերականգնմանը՝ դրական դեր կատարելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման հարցում»,- հայտարարել է Դավութօղլուն։

Մոսկվայի հետ Անկարայի փոխհարաբերությունների առնչությամբ Դավութօղլուն ասել է , որ «դա խաղ չէ զրոյական գումարով։ Եթե մենք կարգավորում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, ապա դա չի նշանակում, որ մենք պետք է այն վատացնենք Ռուսաստանի հետ»։ Դավութօղլուն չի դիտարկում Ռուսաստանը որպես մի տերություն, որի հետ Թուրքիան հակասություններ ունի, այլ որպես հարևանի, որի հետ իր երկիրն ունի 38 մլրդ. դոլար ընդհանուր գումարի առևտրաշրջանառություն։

Ինչպես արդեն հաղորդել էր NEWS.am-ը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիա է այցելելու օգոստոսին։ Ռուսաստանի վարչապետի կայանալիք այցի մասին առաջինը հայտնել էր նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հուլիսի 8-ին Անկարայում տեղի ունեցած Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։