Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտգործնախարար Մոթաքին ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերահաստատեց ՀՀ պաշտոնական այց կատարելու վերջինիս պատրաստակամությունը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ. սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերին:
Իսկ Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման` վերջին շրջանի զարգացումներին: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ հայկական կողմի տեսակետը` վերահաստատելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:




























