Նոյեեմբերի 29-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիսավոր պայմաններում Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արեւելյան թեմերի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին եւ Մխիթարյան Միաբանության Ընդհանուր աթոռակալի տեղապահ Հայր Վահան Ծայրագույն Վարդապետ Օհանյանին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագրերը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի թույլտվությամբ ՀՀ սփյուռքի նախարարությանը վերապահված է հայ ազգի մեծագույն զավակներին եւ նշանավոր գործիչներին ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնելու արտոնությունը:

Նախարար Հ. Հակոբյանը, արժեւորելով, բարձր գնահատելով Հայր Ռաֆայելի գործունեությունը` մասնավորապես վերջերս Զմմառի միաբանության Մատենադարանի եւ մշակութային կենտրոնի բացման եւ հանդիսավոր արարողության կազմակերպման գործում, նշել է. «Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Հայր Ռաֆայելը նոր որակ, նոր շունչ հաղորդեց ինչպես Կաթողիկե եկեղեցու եւ պետության, Առաքելական եկեղեցու, այնպես էլ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Նա ազգին ու մշակույթին նվիրված անհատականություն է»:

Հայր Ռաֆայելը` ստանալով ՀՀ անձնագիրը, նշել է, որ իր հուզմունքը հազվադեպ է այսպես նկատելի լինում. «Մենք պարտավոր ենք նվիրվելու, հալվելու ազգին ծառայելու գործի մեջ: Երազ էր անկախ հայրենիքը եւ մենք միայն կարոտով էինք երգում Հայաստանի անկախությունը, ոչ մեկս չէր կարող երազել, որ մի օր պիտի ապրենք անկախ երկրում, ունենանք անկախ Հայաստանի քաղաքացու անձնագիրե:

Հայր Վահանին ՀՀ քաղաքացու անձնագիրի հանձնելիս նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց նախարարության հետ նրա տեւական համագործակցությունը, որը սկիզբ է առել իտալերեն-հայերեն բառարանի վերահրատարակումից, իսկ վերջերս լույս է ընծայվել Նյու Յորք Թայմզում 1890-1914 թվականներին Հայոց Ցեղասպանությանն առնչվող բոլոր հրապարակումների ժողովածուն` «Հայերը օսմանյան կայսրության վերջալույսինե վերնագրով. «Մխիթարյան Միաբանությունը մեր ազգի հպարտությունն է: Սեբաստացու գործը նրա աշակերտները սիրով, ոգեւորությամբ շարունակում են արդեն երեք հարյուր տարի, շարունակողներից մեկն էլ Հայր Վահանն է, ով իր գրիչն ու միտքը նվիրել է հայոց պատմությանը»- ասել է նախարար Հակոբյանը:

Հայր Վահանը երախտագիտություն է հայտնել իրենց ընձեռված բացառիկ առիթի համար. «Ես վաղուց էի փափագում Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալու մասին: Ինձ համար մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալը: Հայրենիքը մշտապես իմ սրտում է եղել, հատկապես, որ ապրում եմ Սուրբ Ղազար կղզում»:

Հոգեւորականները հուզմունքով ու պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանդիսավոր երդվել են: