«Գենդերային հիմքով բռնության դեմ ակտիվության 16-օրյակ»-ը, որն ամենամյա միջազգային քարոզարշավ է, մեկնարկել է նոյեմբերի 25-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի նպատակն է կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության նվազեցումը եւ պայքարի կարեւորության վերհանումը: 1991 թ.-ից ի վեր ավելի քան 2000 կազմակերպություն 156 երկրում մասնակցում են քարոզարշավին: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, կարեւորելով կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարը Հայաստանում, 16-օրյակի շրջանակներում իրականացնում է խոշոր հանրային միջոցառում «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՔ» խորագրով: Ակցիան նպատակ ունի հասարակության լայն շերտերին իրազեկել կանանց նկատմամբ բռնության տարածվածության եւ ընտանեկան բռնության մի շարք դեպքերի մասին եւ բարձրացնել այն հարցը, թե արդյոք ընտանեկան բռնությունը ազգային ավանդույթ է եւ մի երեւույթ, որը պետք է մնա տան 4 պատերի ներսում:

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 15:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ միայն իրազեկվածության բարձրացման դեպքում բռնությունների թիվը Հայաստանում կսկսի նվազել: Նրանք խրախուսում են ՀՀ ոչ անտարբեր քաղաքացիների մասնակցությունը՝ միասին բողոքի ձայն բարձրացնելու ընտանեկան բռնությունների դեմ: