ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Մովլութ Չավուշողլուի ընտրվելու մասին որոշման թանաքը դեռ չչորացած, նա կողմնակալ հայտարարություններով է հանդես գալիս` չարաշահելով եւ իր նեղ նպատակներին ծառայեցնելով ԵԽԽՎ նախագահի հեղինակավոր պաշտոնը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նորընտիր նախագահի ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությունները:

«Հիասթափություն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը անգիտակցաբար կամ հենց գիտակցաբար այդ կարգի հայտարարություններով վնաս է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչը հարիր չէ ԵԽԽՎ նման հեղինակավոր կառույցի ղեկավարին, որի թիվ մեկ խնդիրը եւ առաքելությունն է կազմակերպության անդամ երկրների միջեւ տարաձայնությունների վերացումը», — նշեց Բալայանը.

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապակցելու ապարդյուն փորձերին, ապա դրանք վաղուց սպառել են իրենց եւ միջազգային հանրությունը դրանց գնահատականը արդեն տվել է: Պարոն Չավուշողլուի հայտարարությունները մի շարք հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում ԵԽԽՎ նախագահի պաշտոնին նրա հետագա գործունեության վերաբերյալ», — ընդգծեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: