Ռուսաստանը եւ Բելառուսը գազամատակարարման մասին փաստաթղթերի փաթեթ են ստորագրել։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը։ Ինչպես նշել է փոխվարչապետը, բանակցությունների ընթացքում ռուսական կողմը մի շարք զիջումների է գնացել։

Սեչինի խոսքով, ստորագրվել են չմշակված նավթի՝ Բելառուս մատակարարելու մասին փոփոխությունները, հաստատվել են նավթի գնագոյացման միջոցները, ինչպես նաեւ երկու երկրների փոխվարչապետների համատեղ հայտարարությունը կանոնավոր մատակարարման երաշխիքների մասին։

Համաձայն նոր պայմանավորվածությունների, ինչպես իր հերթին հայտարարել է Բելոռուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն, ռուսական նավթի՝ Բելառուսի տարածքով անցնելու սակագինը կավելանա 11 տոկոսով։ Նա նաեւ հայտարարել է,, որ բելառուսական կողմը հնարավորություն ունի զգալիորեն ավելացնել նավթի սակագինն արդեն 2010 թ.-ին։ Սեմաշկոյի խոսքով, եթե Մոսկվան չհամաձայնի Մինսկի ներկայացրած հաշվարկների հետ, ռուսական նավթի տեղափոխումը կարող է բարձրանալ Ռուսաստանում արժեզրկման 3 տոկոսի չափով։