Հյուսիսային Կորեայի ռազմանավերը հունվարի 28-ի առավոտյան հերթական անգամ կրակ են բացել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանին: Ինչպես հաղորդում է AFP-ն, վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ները, հրետանային արկերը բաց են թողնվել տեղական ժամանակով ժամը 8.15-ին երկու պետությունների ծովային պայմանական սահմանի ուղղությամբ:

Հարավկորեացիաների արձակած պատասխան կրակի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 27-ին ԿԺԴՀ-ն գնդակոծել էր սահմանը Դեղին ծովի Պեննենդո կղզու հատվածում: Իր հերթին Հարավային Կորեայի ՌԾՈՒ-ն պատասխան կրակ էր բացել ջրի վրա՝ չվնասելով նավերը: Ավելի ուշ Կորեայի հեռագրական գործակալությունը տարածել էր Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը, թե Դեղին ծովի շրջանում «պլանային հրետանային վարժանքներ են» անցկացվել: