«Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի առկա իրավիճակը տեղում ուսումնասիրելու  եւ Տեղ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով, նոյեմբերի 30-ին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց Սյունիքի մարզ:

Քաղշիննախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, շրջայց կատարեց Տաթեւ համայնքում: Հաշվի առնելով, Տաթեւ գյուղական համայնքի վարչական սահմաններում առանձնացված տարածքների  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակը, քաղաքաշինության նախարարը շեշտեց  իրականացվելիք շինարարական աշխատանքների կարեւորությունը:

Տեղեկացնենք,  որ ՀՀ կառավարության  որոշմամբ «Տաթեւ»  վանական համալիրը եւ հարակից`  Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել են «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն` ստանալով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ: 

Օրվա երկրորդ կեսին, նախարար Սամվել Թադեւոսյանը ծանոթացավ Տեղ գյուղի դպրոցի շինարարության ընթացքին`  կարեւորելով դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին եւ որակով հանձնելու հանգամանքը: Դպրոցի հիմնանորոգման շրջանակներում կբարեկարգվի նաեւ  դպրոցի տարածքը,  կտեղադրվեն ջեռուցման կաթսաներ, կիրականացվեն կաթսայատան եւ  ցանկապատի կառուցման աշխատանքներ: