Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը Ստրասբուրգում սկսել է Հայաստանին վերաբերող հարցի քննարկումը, սակայն քննարկումն ընդհատվել է եւ շարունակվելու է այսօր:
Հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն պիտի ներկայացնեին իրենց պատրաստած փաստաթուղթը Հայաստանի ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի՝ անցած տարի հրապարակած զեկույցի վերաբերյալ: Հանձնաժողովին հրավիրվել են հայկական պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) եւ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), իսկ ահա Զարուհի Փոստանջյանը, ով զրկվել է պատվիրակության հիմնական անդամի լիազորություններից, չի հրավիրվել: Այս առնչությամբ, Զ. Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ինքն այդուհանդերձ, մտել է ներս եւ ներկայացրել է իր առարկությունները՝ ասելով. «Դուք իրավունք չունեք չհրավիրել ինձ եւ չլսել ընդդիմության կարծիքը»: Նա Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչն է Արմեն Ռուստամյանը, մարտի 1-ի դեպքերից առաջ եւ հետո՝ մինչեւ 2009 թվականի ապրիլը, իշխանական կոալիցիայի անդամ է եղել, ուստի Ռուստամյանը չի կարող անաչառ, օբյեկտիվ տեսակետ հայտնել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: «Դրանից հետո որոշում է կայացվել, որ վաղը առավոտյան պիտի շարունակեն հարցի քննարկումը: Աrավոտյան պետք է հրավիրեն եւ լսեն իմ կարծիքը», — հավելել է Զարուհի Փոստանջյանը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղի ունեցած նիստի մասին ասել է. «Պարոն Կոլոմբիեն ստիպված էր մեկնել, ներկա էր միայն պարոն Պրեսկոտը: Նա ներկայացրեց իր գնահատականը „Մարտի 1“-ի զեկույցի հետ կապված, որոշակի մտահոգությունները, որոնք կան այդ զեկույցի հետ կապված: Սակայն, ընդհանուր առմամբ, այն եզրակացությունները, որ արված են զեկույցում, համարեց շատ կարեւոր: Նշեց, որ պատրաստ է շարունակելու իր ուսումնասիրությունները: Որպեսզի ավելի խորը ծանոթանա հարցերին` պարոն Պրեսկոտը խնդրեց հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովը նրան իրավունք տա այցելելու տարածաշրջան»: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























