Թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Երեկ` նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին վարչական վարույթի շրջանակներում քննելով պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը մերժել էր քվեարկության օրը ՏԸՀ-ներում սովորական թանաքանյութ օգտագործելու մասին նրա առաջարկությունը:
Այսօր` դեկտեմբերի 1-ին Ստյոպա Սաֆարյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչները պատրաստել էին ԿԸՀ հիշյալ որոշումը վիճարկող վարչական գործ` ուղղված Վարչական դատարանին: Սակայն, Ս.Սաֆարյանի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ժամը 17:00-ին չի կարողացել դատարանում մուտք անել բողոքը, քանի որ բացի շենքը հսկող ոստիկաններից, որեւէ մեկը չի եղել այնտեղ: Սեդա Սաֆարյանը հարկադրված է եղել բողոքի 1 օրինակը պատվիրված նամակով ուղարկել ԿԸՀ-ին, սակայն գործն այդպես էլ դատարան մուտք անել հնարավոր չի եղել: Ակնհայտ է, որ վարչական դատարանը չի կարող ոչ այսօր, եւ ոչ էլ վաղը վարույթ ընդունել եւ քննել գործը:
Արձանագրում ենք, որ հերթական պետական մարմինը, այս անգամ էլ` իր անգործությամբ է խոչընդոտում հազարավոր ընտրողների /որոնք իրենք են Սաֆարյանին խնդրել քվեարկության օրն ապահովել չցնդող թանաքանյութի օգտագործում/ ու թեկնածուի ընտրական իրավունքի պաշտպանությանը»:
Նշենք, որ ընտրություններն Ավանի թիվ 1 ընտրատարածքում կայանալու են վաղը` դեկտեմբերի 2-ին: Առաջադրվել են «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանն ու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը:




























