Այսօր` հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության բանակի ծննդյան 18-րդ տարեդարձը, ինչի առթիվ Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայակազմին, գեներալներին, ողջ հայ ժողովրդին: Շնորհավորական իր ուղերձում ՀԱԿ-ը նշում է. «Սրտանց շնորհավորում ենք նաեւ Հայաստանի բանակի կայացման եւ հաղթանակների գործում անուրանալի նպաստ բերած մեր քաղբանտարկյալ ընկերներին:

Անկախ պետականության կարեւորագույն հենասյուներից մեկը ծնունդ առավ ամենադժվարին պայմաններում, երբ երկիրը ներքաշված էր փաստացի պատերազմի մեջ: Նրա բաղադրիչները դարձան զորակոչի ենթակա երիտասարդները, գործող երկրապահ կամավորական ջոկատները, ինչպես նաեւ Խորհրդային Միության տարբեր ծայրերից Հայաստան վերադարձած մեծաթիվ հայազգի սպաները: Բանակը, առաջին իսկ օրից դարձավ նորանկախ Հայաստանի իշխանության եւ ողջ ժողովրդի փայփայանքի առարկան, ինչը վճռական նշանակություն ունեցավ նրա առջեւ դրված բարդագույն խնդիրները պատվով կատարելու գործում:

Ցավոք, վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում ծավալված հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործընթացները, բռնապետական իշխանության հաստատումը, ներքաղաքական կյանքի այլասերումը մեծապես ազդեցին նաեւ Բանակի վրա: Դրա բարձրակետը դարձավ 2008թ. մարտի 1-ին վարչախմբի կողմից բանակային զորամիավորումների օգտագործումը խաղաղ ցուցարարների դեմ` ըստ էության այն դարձնելով պետական հեղաշրջման գործիք: Սա ոչ միայն հակասահմանադրական ակտ էր ժողովրդի նկատմամբ, այլեւ ծանր հարված Հայկական բանակի հեղինակությանն ու համարումին: Հայ ազգային կոնգրեսն ամեն ինչ անելու է խայտառակ այդ ակտի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, երախտավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, դրանով իսկ՝ բանակի հեղինակության ու բարի համբավի վերականգնման համար: Միայն նման դեպքում Բանակը կմաքրվի իրեն պարտադրված արատներից ու կկարողանա կատարել երկիրն արտաքին վտանգից պաշտպանելու, ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորի իր սահմանադրական վեհ պարտավորությունը»: