Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը (TRT) պատրաստվում է հեռարձակել հայերեն լեզվով հեռուստաալիք։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը։

Թերթը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ պետական հեռուստառադիոընկերությունը սկսել էր հեռարձակել հայերեն լեզվով ռադիոհաղորդումներ։ Հոդվածում կարծիք կա, որ նման ակտիվացումը կապված է Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման և հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

Ըստ Թուրքիայի հեռուստառադիոընկերության միջազգային հեռարձակման բյուրոյի տնօրեն Սենոլ Գյուկի, հայկական ալիքը կսկսի հեռարձակվել այս տարվա ընթացքում։ Նա հրաժարվեց մանրամասներ հաղորդել նախապատրաստական աշխատանքների մասին՝ նշելով, որ սույն նախաձեռնությունը դիտում են որպես անկյունաքար Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։