Ամերիկյան «Wall Street Journal» թերթը ներողություն չի խնդրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից կապված իր հոդվածներից մեկում վերջինիս խոսքը հրապարակելու հետ, քանի որ նման խնդրանք խմբագրությունը չի ստացել: Այս մասին «Ռիո նովոստի»-ին հայտնել թերթիսեփականտեր «Dow Jones» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Քեյթ Դոբինը:
Հիշեցնենք, որ ամերիկյան պարբերականը տպագրել էր Սահակաշվիլիի ելույթից հատվածներ, որտեղ վերջինս ասել է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցման հույսերը «մեռած են», իսկ Աբխազիայի ու Հվ. Օսեթիայի Վրաստանի կազմ վերադառնալը մոտ ժամանակներս հնարավոր չի թվում: «Դա շատ ողբերգական է, ինչը նշանակում է, որ ռուսներն իզուր չեն կռվել»,- ասել է նա ու հավելել, որ իր պաշտոնը չի թողնի մինչեւ 2013 թվականը: Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին, որը Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվել է Վրաստանը ՆԱՏՕ ընդունելու ծրագրերից:
Իր հերթին, Սահակաշվիլին հայտարարել է, որ թերթը խեղաթյուրել է իր խոսքը եւ որ թերթը ներողություն է խնդրել իրենից դրա համար: «Wall Street Journal»-ը, սակայն հերքել է ներողության մասին հայտարարությունները եւ թերթում տպագրել Սահակաշվիլիի խոսքը նոր խմբագրմամբ, որտեղ մտքի փոփոխություն չկա:
Նշենք, որ Սահակաշվիլիից բացի, նրա խոսքը սխալ հաղորդելու մեջ թերթին մեղդարել է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ն:



















