Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Երեւանի թիվ 194 դպրոցում տեղի կունենա «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի քաղաքային փուլը:
Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվում է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը։
Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը։
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվել են ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի օրեր, որի շրջանակում կազմակերպվել են ռուսական պոեզիայի երեկոներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսաց լեզվի բաց դասեր, լեզվի վարպետության դասեր եւ ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ:
Նոյեմբերի 1-ից - 30-ը մարզկենտրոններում իրականացվեց ծրագրի երկրորդ փուլը։ Այս փուլում կատարողի գնահատման չափանիշ դիտվեցին նաեւ ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին կատարողի իրազեկվածությունը:
Դեկտեմբերի 4-ին Երեւանում կայանալու է մայրաքաղաքը ներկայացնող դպրոցների մասնակիցների եզրափակիչ փուլը, իսկ հանրապետական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության աջակցությամբ։




























