«Հայ-թուրքական արձանագրություների մասով կայացրած ՀՀ Սահմանադական դատարանի վճիռը Թուրքիայի կողմից վիճարկելու փաստը լուրջ մարտահրավեր է մեզ»,- հունվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, որքան էլ հայ քաղաքական գործիչները փորձում են հակադարձել թուրքական կողմի տեսակետներին, բացթողումներ, այնուամենայիվ, թույլ են տալիս. «Մինչ օրս հայ ոչ մի քաղաքական գործիչ այդպես էլ չմտածեց Թուրքիայի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չէ, եւ նրա կայացրած վճիռները ենթակա չեն փոփոխության, ինչն էլ թույլ տվեց թուրքական կողմին կասկածի տակ դնել մեր երկրում սահմանադրական կարգի գոյությունը»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան այսօր թերահավատորեն է վերաբերում այն փաստին, որ Հայաստանում դատական իշխանությունը ենթակա չէ գործադիրին եւ պետք է հանդես գա իբրեւ ինքնուրույն կառույց։

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությունը, թե ՍԴ որոշումը քաղաքական որոշման արգասիք է, այլ ոչ թե իրավաբանների կողմից կայացրած վճիռ, մեկ անգամ եւս հաստատում է այն փաստը, որ հայկական կողմը կամա թե ակամա սատարում է Թուրքիայի պահանջին՝ հրաժարվել ՍԴ կայացրած որոշումից։

«ՀՀ Սահմանադական դատարանն իր գործողություններով պետք է հաստատի, որ ինքնուրույն մարմին է եւ առաջնորդվում է իրավական նորմերով»,- ամփոփեց Հմայակ Հովհաննիսյանը։