«Հունվարի 10-ին կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին ոչ թե քսանչորս, այլ միայն տասը-տասներկու տոկոս ընտրազանգված է մասնակցել, ընդ որում, ընտրություններին ինքնակամ մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր ցանկանում էին ձայն տալ Նիկոլ Փաշինյանին, մնացածները եկել են՝ ոմն երկրորդ համարի ձայն տալու համար»,- մեկնաբանելով հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղի համար անցկացված ընտրությունները՝ այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։
Նշելով, որ ինքն իր թեկնածությունը հանել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ միայն իր «խղճի հանգստության» համար, քաղաքագետը նկատեց, որ սրանից հետո ուշադիր հետեւելու է ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հայցի քննարկմանը՝ թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։ «Ըստ ՍԴ-ի կողմից այդ հայցի ընդունման կամ մերժման փաստի՝ նրա կայացրած որոշումից հետո կերեւա, թե ՍԴ-ն իրո՞ք ինքնուրույն իրավական մարմին է, թե կախվածություն ունի ինչ-ինչ ուժերից»,- նշեց քաղաքագետը։




























