Հուլիսի 25-ին Լոս Անջելեսում կբացվի Ջավախքի հայերի առօրյային նվիրված ֆոտոցուցահանդես,- հաղորդում է «Ասպարեզ»-ը։
Միջոցառման նպատակն է՝ հավաքել 6000 դոլար և երկու ավտոմեքենա գնել Ջավախքի հայերի երիտասարդական կազմակերպության համար, որը երկար տարիներ մշտապես դժվարությունների է հանդիպում Հայաստանում իր գործունեությունը կազմակերպելու գործում։ Եվ, հիմնականում, տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով։ Ցուցահանդեսից ստացված հասույթը երիտասարդական կազմակերպությանը կփոխանցվի հասարակական կազմակերպություն հանդիսացող Արևմտյան տարածաշրջանի երիտասարդական ֆեդերացիայի միջոցով։
Ջավախքի երիտասարդությունը մեծ ցանկություն ունի տարբեր ոլորտներում իր փորձով կիսվելու և փոխանակում կատարելու ողջ տարածաշրջանի իր հասակակից հայերի հետ։ Ցավոք, տրանսպորտային միջոցների անբավարարությունը լրացուցիչ դժվարություններ է հարուցում ամառային ճամբարների, կրթական ծրագրերի և Հայաստանի ու Ղարաբաղի իրենց հասակակիցների հետ շփման կազմակերպման գործում։
ԱՄՆ հայկական համայնքը հույս ունի վերոհիշյալ ցուցահանդեսի միջոցով կամուրջ գցել Ջավախքի, Ղարաբաղի ու Հայաստանի հայ երիտասարդների միջև։
Արհեստավարժորեն արված լուսանկարները, որոնք կներկայացնեն Ջավախքում կյանքի հայկական իրողությունները, ընդգրկում են հայերի ավանդույթները, կրոնը, քաջությունն ու սերը։



























