«Այլոց քանակական գերազանցությանը մենք հակադրում ենք մեր զինծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, մարտական ոգին եւ նվիրվածությունը»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ:

«1988-ի համազգային արդարացի ընդվզումը համախմբեց մեր ժողովրդի ամբողջ ուժն ու եռանդը, ի մի բերեց աշխարհասփյուռ հայության ներուժը եւ ուղղեց դեպի հայոց սահմաններ: Պատերազմ էր, ծանր ու անողոք պատերազմ, որում, սակայն, հաղթանակի գինը անչափ բարձր էր. կշեռքի նժարին էր դրված հայրենի երկրի ազատությունը: Եվ այդ նվիրական նպատակին էր ուղղորդվել ամեն բան` հայորդիների անկոտրում կամքն ու ոգեղեն զորությունը, հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամությունը»,- նշել է նախարարն ու հավելել, որ սրանք էին մեր հաղթաթղթերը Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարում, որոնք, «զուգորդվելով մեր զորքերի մարտական պատրաստության բարձր աստիճանին, մեր ժողովրդի ազատասիրությանն ու համախմբվածությանը, վճռորոշ եղան պատերազմի վերջնական ելքի համար»:

«Պատահական չէ, որ հակառակորդը, մշտապես ունենալով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի գերազանցություն, տանուլ տվեց բոլոր վճռորոշ ճակատամարտերը»,- նկատել է Սեյրան Օհանյանը: