Դեկտեմբերի 22-23-ը Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենա ծրագրավորման եւ նախագծման Հեքըթոնյան մրցույթը: Այդ մասին տեղեկացնում է Հանրային լրագրության ակումբը:
Եթե նախորդ տարվա մրցույթն ուղղված էր Երեւան քաղաքի խնդիրների լուծմանն, ապա Հեքըթոնյան 2012-ը չունի թեմատիկ ուղղվածություն: Կարող են ներկայացվել գաղափարներ ցանկացած պլատֆորմի համար` ցանկացած թեմայով:
Ընդամենը 24 ժամում թիմերը պետք է ծրագրավորեն, մշակեն եւ ժյուրիին ներկայացնեն իրենց գաղափարի հեռախոսային հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը) կամ պատրաստի ծրագիրը:
Կազմակերպիչներն ու մրցույթի աջակիցները նախատեսել են բազմաթիվ դրամական մրցանակներ տարբեր անվանակարգերում`
§ Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում,
§ Լավագույն Windows 8 հավելված,
§ Լավագույն Windows հեռախոսային հավելված,
§ Լավագույն Android հավելված,
§ Լավագույն iOS հավելված,
§ Համայնքային խնդիրների լավագույն լուծում,
§ Լավագույն մեդիա նախագիծ,
§ Բազմաթիվ խրախուսական մրցանակներ:
Այս տարի առաջին անգամ, Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու տարածմանն նպաստող միջոցառմանն օգնելու է Knight-Mozila OpenNews-ը, որը Mozila-ի եւ Knight հիմնադրամի Հեքըթոնների աջակցման նախագիծն է: Knight-Mozila OpenNews-ի օգնությամբ Հանրային լրագրության ակումբը կշնորհի խրախուսական մրցանակ «լավագույն մեդիա» նախագծին:
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանը տեղեկացնում է, որ մրցույթից հետո մասնակից լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը բուլղարական «Eleven Accelerator» վենչուրային հիմնադրամին:
Հեքըթոն(ՅԱՆ) 2012-ը տեղի կունենա Մերգելյանի անվան ինստիտուտում, դեկտեմբերի 22-23-ը, կտեւի 24 ժամ: Մրցույթին մասնակցելու հայտը կարող եք ներբեռնել www.mic.am կայքից եւ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 9-ը:




























