Երեկ կրկին «թեժացել» էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին լրատվությունը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մեջբերելով տարբեր լրատվամիջոցների հրապարակումներ՝ թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին աջակցող  լրատվամիջոցներում երբեմն սպառնում են ինչ-որ փաստեր հրապարակել Ծառուկյանի երիտասարդ տարինրի կյանքից, որն էլ իբր բացասաբար է ազդելու նրա իմիջի վրա։ Եթե սույն շանտաժները շարունակվեն, ապա, բնականաբար, այս կողմն էլ իր հերթին հանդես կգա պատասխան հրապարակումներով, որի նշանակությունն ու ազդեցությունը շատ ավելի մեծ կլինեն, քանզի կվերաբերեն ոչ թե Սերժ Սարգսյանի անձնական կյանքին, այլ նրա գործունեության որոշ դրվագների՝ 90-94թթ. ժամանակահատվածում։

«Մի քանի ժամ տարբերությամբ «լույս տեսած» այս երկու լրատվությունները միայն մեկ բանի մասին են վկայում. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը սարսափելի ծանր «հակամարտության» մեջ են. իրար ուտում են, իրար սպառնում են, կոմպրոմատներով իրար վախեցնում, գոտկատեղից ներքեւ հարվածներ խոստանում, մի խոսքով` երբեմնի կոալիցիոն գործընկերները դուրս են եկել իրար դեմ, անհաշտ պայքար են մղում եւ այդ պայքարում միջոցներ չեն խնայում: Տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանի համար այնքան անցանկալի է Գագիկ Ծառուկյանի առաջադրումը, որ նման բան անելու դեպքում նրան սպառնում են ինչ-որ «փաստաթղթերի» հրապարակմամբ: Գագիկ Ծառուկյանն էլ այնքան սկզբունքային է, որ իր հերթին սպաոնում է, նման բան անելու դեպքում, Սերժ Սարգսյանի կյանքից` 90-ականներից դրվագներ հրապարակել: Չենք ուզում, իհարկե, ստվեր գցել դարի այս «թշնամանքի» վրա, սակայն մի քանի հարց կա, այնուամենայնիվ:

Օրինակ՝ ինչ մեծ կոմպրոմատ է փաստաթղթի հրապարակումը, եթե այդ փաստաթուղթը հերթական անգամ պետք է ապացուցի հանրահայտ փաստը, օրինակ, որ Գագիկ Ծառուկյանը երիտասարդ տարիներին խորհրդային դատարանի կողմից բռնաբարության համար դատապարտված է եղել, ապա Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով արդարացվել է։ Սրա մասին «Հայկական ժամանակը» գրել է դեռ 2000-ականների սկզբին։ Կամ այդ ի՞նչ պետք է արած լինի Սերժ Սարգսյանը 90-94-ականներին, որ 2008-ի մարտի 1-ին՝ Երեւանի կենտրոնում սեփական անզեն ժողովրդի վրա կրակելու միջոցով պետական հեղաշրջում կատարելուց ավելի վատ լինի։

Եթե այդ հակամարտությունն իրական է, ապա ի՞նչ եք կարծում` իրավապահները չե՞ն կարող հաշված րոպեների ընթացքում ձերբակալել Գագիկ Ծառուկյանին, օրինակ, տարիներ շարունակ հարկերից չարամտորեն խուսափելու համար, երբ դրա ապացույցների պակաս չկա: Կամ մի՞թե Գագիկ Ծառուկյանը` որպես 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների «ավելի փոքր դերակատար» եւ «հրաման կատարող», չի կարող րոպեների ընթացքում բացահայտել «Մարտի 1»-ի պետական դավաճանությունը, հրապարակել գործող անձանց ցանկն անուն առ անուն եւ մանրամասնորեն պատմել, թե ով ինչ էր անում 2008-ի մարտի մեկին, այդ թվում եւ հատկապես` Սերժ Սարգսյանը: Տեսականորեն, իհարկե, կարող են: Գործնականում դա, իհարկե, լինել չի կարող, որովհետեւ սրանք արդեն լուրջ են, իսկ ահա բռնաբարության թեմայի եւ 90-ականների ինչ-ինչ կապերի վաղեմության ժամկետն անցել է եւ, մեծ հաշվով, անվնաս է։ Եվ սա այն դեպքն է, որ կոմպրոմատի նավթալինոտն է լավ»,- գրում է «Հայկական ժամանակը»։