Մաշտոցի պողոտայի եւ Մարգարյան ծննդատան հարեւանությամբ գտնվող երկրորդ բուժմիավորման բժիշկները նորից ահազանգում են, որ հիվանդանոցի ղեկավարությունն իրենց աշխատավարձերի մի մասը ետ է վերցնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նրանք ասում են, որ նախկինում իրենք պարզապես ստորագրում էին իրենց աշխատավարձի ցուցակներում, բայց աշխատավարձը չէին ստանում։ Այժմ հիվանդանոցում քարտային համակարգ է ներդրված եւ աշխատողների աշխատավարձը փոխանցում են իրենց հաշվեհամարներին։ Սակայն փոխանցելուց հետո հիվանդանոցի ղեկավարներն աշխատավարձի կեսը ետ են պահանջում։ Այդ հիվանդանոցը պատկանում է ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանին։ Երեկ խորհրդարանում նա «Ժամանակի» հետ զրույցում նախ հերքեց, որ հիվանդանոցն իրեն է պատկանում, ասաց, թե դա իր բարեկամինն է։ Իսկ երբ լսեց աշխատավարձերը ետ պահանջելու մասին հարցը, պատասխանեց. «Ղալաթ են անում, բժշկի փողն ուտե՞լ կլինի։ Լավ էլի։ Մի հիմար մի բան է ասել։ Արի գնանք էդ ասողի մոտ։ Անողի հերը շուն դառնա»։ Այդ դեպքում ինչո՞ւ են հիվանդանոցի բժիշկները ամիսներ շարունակ ահազանգում։ Կարող է հիվանդանոցի ղեկավարներն են փողը ետ պահանջում, բայց սեփականատեր գեներալին այդ մասին չեն ասում։ «Բա եղա՞վ, ընձի ով կարա խաբի։ Վիրավորում ես։ Համ էլ ես էդքան մելշնիկ մարդու նմա՞ն եմ։ Բժշկի փողը ո՞նց կարելի է ուտել։ Բժիշկն աշխարհում ամենալավ մարդն է։ Բժշկին փող պիտի տաս, ոչ թե վերցնես»,- ահա այսպես հերքեց գեներալ սեփականատերն իրեն պատկանող հիվանդանոցի աշխատողների աշխատավարձը ետ պահանջելու մասին լուրերը»,- գրում է «Ժամանակը»։



























