Գեղարքունիքի մարզի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի վրա նոյեմբերի 15-ին տեղի ունեցած փլուզման, դրա պատճառների վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ավարտել է իր հետազոտությունը, սակայն չի շտապում հրապարակել եզրակացությունը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պատահարի վերաբերյալ իրենց եզրակացությունը կհրապարակեն միայն իրավապահ մարմինների գործողությունների ավարտից եւ գնահատականից հետո: «Երբ իրավապահ մարմինները հանդես գան հայտարարությամբ, պարզ կլինի իրավական փոխհատուցման հարցը»,- ասաց նա:

Վահե Դավթյանը վստահեցրեց, որ «ՀԿԵ»-ն հոգացել է պատահարի հետեւանքով մահացած երեք անձանց թաղման ծախսերը, ինչպես նաեւ բյուջե է հատկացվել նրանց ընտանիքներին պարբերաբար օգնելու համար: «Արդեն մեկ անգամ ֆինանսապես օգնել ենք, եկող տարվա սկիզբ եւս բյուջեով նախատեսվում է համապատասխան օգնություն ցուցաբերել»,- ասաց նա` չհրապարակելով փոխհատուցման չափը: Մամուլի քարտուղարի խոսքով` «ՀԿԵ»-ն պատրաստ է օգնել նաեւ իրենց մահացած աշխատակիցների երեխաներին` կրթության եւ աշխատանքի տեղավորման հարցերում` ընդունելով «Հարավկովկասյան» երկաթհամակարգ: Պատահարի հետեւանքով վիրավորված 2 անձանց ընկերությունը տրամադրել է միանգամյա փոխհատուցում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակված են մի շարք փորձաքննոթյուններ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Վարդենիսում կամրջի փլուզման հետեւանքով մահացած 3 եւ վիրավորված 2 անձինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ են: Փլուզման հետեւանքով մահացել են 55-ամյա Ներսես Մարտիրոսյանը, 56-ամյա Գագիկ  Ավետիսյանը, 56-ամյա Վարուժան Սարգսյանը, վիրավորվել 46-ամյա բնակիչ Արգամ Անտոնյանը եւ  57-ամյա Ռոբերտ Համբարձումյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՔՕ-ի 157-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):