NEWS.am-ը ներկայացնում է կանադական «The Toronto Star»-ում հրապարկված լրագրող եւ մեկնաբան Հարուն Սիդիկիի հոդվածը որոշակի կրճատումներով.

Եթե ամփոփենք Թուրքիայի վերաբերյալ վերջին նորությունները, կարելի է նշել հետեւյալը. նա ավելի շատ լրագրողների է փակում բանտերում, քան Չինաստանն ու Իրանը: Նա դարձյալ սկսել է հետապնդել քրդական փոքրամասնությանը: Նրա վարչապետը գործում է  որպես օսմանյան սուլթան: Այդպե՞ս է դա:

Եվրամիությունը «լուրջ մտահոգություն» է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության հետընթացի առնչությամբ: Քանի լրագրող է ձերբակալված եւ քանիսին է մեղադրանք առաջադրվել` վիճելի հարց է. հնարավոր է համապատասխանաբար 70 եւ 60: Հստակ է մեկ բան. նրանցից շատերին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության համաձայն:

Նրանցից շատերը քրդեր են կամ քրդական փոքրամասնության իրավունքների պաշտպաններ: Վարչապետ Էրդողանը հրապարակավ սպառնում է քննադատաբար տրամադրված լրագրողներին եւ նրանց ղեկավարներին:

Նրա կառավարությունը պնդում է, որ մեղադրյալ կամ դատապարտյալ լրագրողներից ոմանք թիրախ են դարձել ոչ թե իրենց  հրապարակումների, այլ  հեղաշրջման նպատակով դավադրությունների եւ քուրդ սեպարատիստներին աջակցելու գործում ունեցած իրենց դերի համար:

Այս պատմությունը մեկ այլ դերակատար էլ ունի:  ԵՄ անդամակցելու համար դրված պայամանների շրջանակում Էրդողանը բարեփոխում է  դատական համակարգը, որը բավականին երկար ժամանակ  դատավորների եւ դատախազների նշանակումը վերահսկող փակ արտադրամաս էր: Նա ընդլայնել է թեկնածուների շրջանակը, սակայն հին գվարդիան տեղում է մնում: «Մենք դեռ ունենք անհատի իրավունքների դեմ պետության իրավունքները պաշտպանելու ավտորիտար մշակույթ»,-ասել է Անկարայում ավագ դատավորը: Այլ կերպ ասած` հին քեմալական համակարգը ուզուրպացվում է` նոր տերերին ծառայելու համար:

Ընդհանուր առմամբ ճիշտ է այն, որ «այդ կառավարությունը չի սիրում քննադատություն» եւ հետապնդում է  իրեն քննադատողներին: Միաժամանակ այն ետ է տանում երկիրը դեպի ավտորիտար կառավարման ոչ բարի ժամանակներ: