Ես միշտ ակտիվ տղա եմ եղել, այնպես չի եղել, որ կողքի կանգնածի դերում լինեմ, եթե 5-10 հոգով կանգնած ենք եղել, ես միշտ մեջները երեւացել եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ ներկայացնելով իրեն եւ իր անցած ճանապարհը:

Պարոն Սարոյան, մեծամասնության համար Դուք փակ մարդ եք, թեեւ ընկերական շրջապատում ասում են, որ շատ կենսուրախ մարդ եք: Իրականում ինչպիսի՞ն եք Դուք՝ բնավորության լավ եւ վատ կողմերով:

Դա այն հարցն է, որ պետք է ընկերներիցս հարցնես: Ինձ հետ ով շփվում է, հասկանում է, որ ես շատ շփվող մարդ եմ եւ հումոր ունեմ, եւ երգ ու պար եմ սիրում, եւ կյանք, եւ ընկերություն եւ ամեն ինչ: Բոլորը գիտեն, որ ես շատ մեծ ընկերություն ունեմ եւ տարբեր երկրներում: Ընկերն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Վերջին 20 տարիների ընթացքում ամեն ինչի միջով անցել ենք, ո՞նց չեն ճանաչում: Ճիշտ է ես քիչ եմ շփվում, որովհետեւ ճիշտը չեն գրում իմ մասին: Գրում են այն, ինչ ուզում են: Ասում են. «Լսել ենք»: Ես էլ եմ շատ մարդու մասին շատ բան լսել: Երբ ինքնասիրությանդ կպնում են, էլ չես ցանկանում մարդու հետ շփվել:

Շատերը Ձեզանից վախենում են:

Ինչի՞: Ո՞ւմ եմ այսքան ժամանակ վատություն արել կամ նեղություն տվել: Նույնիսկ ամեն ինչին միշտ հումորով եմ նայել: Ես դրա առիթը չեմ տվել նույնիսկ ամենավատ իրավիճակներում հումոր եմ արել:

Տպավորություն է, որ դեռ փոքրուց կռիվ-կռիվ եք խաղացել, որսի գնացել եւ այսպես շարունակ: Իսկ, երբ հարցրել են. «Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու», պատասխանել եք. «Գեներալ»: Որտե՞ղ եք մեծացել, ինչպիսի՞ ընտանիքում:

Ճիշտ է, աշխույժ տղա եմ եղել, միշտ կյանքով լի: Եվ սպորտով եմ զբաղվել եւ դպրոցում եմ լավ սովորել: Գյուղից գալիս էինք Երեւան՝ ծանրամարտ պարապելու: Փաշիկն էլ իմ մարզիչն էր, հիմա էլ շատ լավ ճանաչված մարզիչ է: Բայց ժամանակի խնդիր կար` գյուղում լիքը գործ կար եւ աշխատում էինք եւ սովորում, դրա համար թողեցի սպորտը: Չէինք հասցնում: Պետք է աշխատեինք, ստեղծեինք: Ես փոքրուց միշտ էլ ծնողներիս օգնել եմ ու գյուղի աշխատանքից չեմ փախել:

Ինչ վերաբերում է գեներալ դառնալուն` երբեք մտքովս չի էլ անցել, որ օրերից մի օր կարող է զինվորական դառնամ: Ուղղակի հայրենիքի կանչն էր, որ տարավ ռազմադաշտ ու մուտք գործեցինք զինվորական կյանք: Հասկացանք, որ մենք մեր ազգին ըտեղ ենք պետք:

Մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում, հայրս դպրոցի տնօրեն է եղել, բոլորի կողմից հարգված ընտանիք ենք եղել: Պապս շատ հարգանքով մարդ էր թե’ ռայոններում, թե’ գյուղերում: Ուսուցչի ընտանիքում մեծանալը շատերը կհասկանան, թե ինչ է: Ամեն մեկս մեր տեղն իմացել ենք: Փոքրուց պապիս տանն ենք մեծացել հորեղբայրներիս ու հորաքույրներիս հետ: Հետո, երբ հայրս առանձնացավ, ընտանիքում 4-ով էինք` հայրս, մայրս, ես եւ քույրս:

Ասացիք, որ աշխույժ եք եղել: Ուրեմն փոքրուց կռիվների էլ մասնակցած կլինենք:

Դա պարտադիր էր, կռիվը միշտ եղել է:

Իսկ ի՞նչ համար, աղջիկների՞, թե...

Տղեն կռիվ ի՞նչի համար ա անում. աղջկա համար, բա էլ ի՞նչի համար են կռիվ անում: Բայց երբ մեծացանք, հասկացանք, որ կարելի է խոսքով հասկանալ իրար: Դրանից հետո այդ տեսակի կռիվները շատ քիչ են եղել: Հատկապես, երբ ես սպորտսմեն եմ եղել: Սպորտսմենները չեն փորձում կռիվ անել, երբ գիտես, որ ուժեղ ես, էլ չես փորձում ուժդ ցույց տալ: 9-10-րդ դասարանից կռիվ անելը արդեն իմ համար ամոթ էր, երբ կարելի էր լեզվով կամ խոսքով հասկացնել: Ուժը դա վերջում էր, եթե խոսքով չէին հասկանում:

Ըստ Ձեզ, ովքեր են դիմում ուժի օգնությանը:

Ովքեր այնքան խելք չունեն, որ դիմացինին բացատրեն: Դա խելքից է գալիս: Ես միշտ կարծել եմ, որ եթե կարաս մարդուն բացատրես, հասկացնես, կամ եթե դու սխալ ես ու կարողանաս սխալդ ընդունելու եւ ներողություն խնդրելու ուժ գտնես, այդ դեպքում բոլոր հարցերը լուծվում են:

Իսկ հարցերը լուծելու, ճիշտ ու սխալը որոշելու համար միշտ Ձե՞զ էին դիմում:

Ես միշտ ակտիվ տղա եմ եղել:Ընենց չի եղել, որ ես կողքի կանգնածի դերում եմ եղել: Փոքրուց ամեն ինչի կենտրոնում եմ եղել: Դպրոցում էլ եւ դրուժինայի խորհրդի նախագահ եմ եղել, եւ կոմերիտմիության քարտուղար:Ես փոքրուց լիդեր եմ եղել: Եթե 5-10 հոգով կանգնած ենք եղել, ես միշտ մեջները երեւացել եմ:

Ինձ թվում է, որ լիդեր ծնվում են, որովհետեւ կյանքում չես կարող փոխվել: Ժամանակի ընթացքում կարող ես պաշտոններ զբաղեցնել, բայց պաշտոն ունենալով լիդեր չես դառնա: Այդ նույն պաշտոնում տարբեր մարդիկ տարբեր ձեւերով են ծառայում:

Իսկ կհիշե՞ք մի բան, որը ցանկացել եք ունենալ երիտասարդ տարիներին, բայց չեք ունեցել կամ դժվարությամբ ենք հասել դրան:

Չէ, հավատա, որ նման բան չի եղել: Հայրս փող աշխատող մարդ էր: Մենք մեր ընտանիքում փողի կարիք չենք ունեցել: Ես մեր տան մեջ չեմ լսել, որ մերս ասի. Փող չկա»: Հետո էլ թաք տղա էի, դրա համար ինձ ըստ պահանջի պահել են: Ըտենց բան չի եղել, որ ուզեմ ու չունենամ:

Ծառայել եք խորհրդային բանակում: Ի՞նչ կհիշեք Ձեր բանակային կյանքից:

Այն ժամանակ տուլիկ չկար, պասիլկա էր կոչվում: Երբ տնեցիք ուղարկում էին, ամենաշատը բաստուրմին էի սպասում: Հետո կոնյակ էին ուղարկում, տալիս էինք հրամանատարներին եւ իրանց լավ զգան: Հայկական կոնյակը սովետի ժամանակ շատ մեծ դեր ուներ: Մեկ-մեկ էլ մենք էինք խմում: Գրեթե ամեն օր նամակ էի ստանում մորիցս: Մենք 15 հայով էինք իրար հետ ծառայում մինչեւ հիմա իրար հետ ախպերություն ենք անում:

Ինչ վերաբերում է բանակային կռիվներին, բա, իհարկե, դա էլ ա եղել: Տղայական թեմաներ էին: Օրինակ, տեսեք տան մեջ 2-3 ախպեր են լինում, մի ստից բանի համար իրար տալիս են: Դե պատկերացրա, 300 հոգի մի կազառմում քնած ա: Հիմա պատկերացրա մեկը խռռացնում ա, մեկի ոտքերից հոտ ա գալիա, մեկը քնի մեջ խոսում է, մյուսը տնքում, մեկ ուրիշն էլ մորն ա հիշել ու լացում: Նույնիսկ թթվածնի պակասություն կար: Բացի այդ, տարբեր ազգերից էին, տարբեր ընտանիքներից եւ այդ ամենի արդյունքում կռիվ չէր կարող չլինել:

22 տարեկան հասակում արդեն կամավորական ջոկատ եք ստեղծել եւ մեկնել ռազմաճակատ: Ձեզ որտեղի՞ց այդ մարտնչող ոգին:

Վախի խնդիր չկար: Պատկերացրու, որ չէինք էլ պատկերացնում, թե վախը ինչ է, որովհետեւ մեր գործը ավելի հզոր էր, քան վախը: Մենք մշեցի ենք եւ մեր մեջ այդ ամենը այնպես էր դրված, որ մենք հայրենիքը պաշտպանելու կարիքը զգում էինք: Երբ մի բան սրտով ես անում, սրտանց ես գնում, վախ չկա:

Իսկ ընտանիքն ինչպե՞ս ընդունեց ճակատ մեկնելու լուրը: Պաշտպանվելու համար ի՞նչ տարաք Ձեզ հետ ռազմադաշտ:

Գյուղի տղաներով, ընկերներով տնից փախել ենք: Առավոտ շուտ հելա, որ փախնեմ, հերս հելավ, որ բռնի: Այդ օրն առաջին անգամ հորս պատասխանել եմ: Հայրս էլ անականկալի եկավ ու ասաց. «Գնում ես՝ գնա»: Դուռը բացեցի ու փախա: Մայրս ընկավ հետեւից, բայց թռա նստա ավտոն ու պոկվանք: Էլ հետ չեմ նայել: Ինձ հետ վերցրել էի մի որսորդական հրացան: Դա հորս քեռու հրացանն էր, բայց շատ եմ խնդրել, որ տա, չէր տալիս: Միփողանի հրացան էր, բայց դա մեզ համար մեծ բան էր:

Պատերազմի ժամանակ երբ կանգնած ես պոստին ու գիտես, որ թիկունքումդ գյուղի ժողովուրդն է քնած` կին, երեխա, աչքիդ ոչ մի բան չի գալիս: Դու այդ ընթացքում քեզ այնքան հզոր ես զգում, որ պետք է ապրես, որ հասկանաս: Այդ ժամանակ քո կյանքը քո աչքին չի երեւում: Մտածում ես միայն քեզանից չանցնեն, որովհետեւ հետեւումդ լիքը կանայք ու երեխաներ են, որոնք հույսով քնած են: Դա ուրիշ ապրում ա, ոչ մրսում ես, ոչ հոգնում, ոչ էլ քունդ ա տանում:

Իսկ ինչի՞ շնորհիվ հաղթեցինք, հաճախ մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

Մեր հավատի: Մենք գիտեինք ինչի համար ենք գնացել, գիտեինք ինչ ենք անում: Երբ մարդնիր արած գործին հավատում ա, ուրեմն իմացի, որ միշտ հաղթանակած է, ամեն գործում է այդպես:

Իսկ հավատ ասելով նկատի ունեք հավատ ինքդ քո՞ նկատմամբ, թե միաժամանակ՝ Աստծո:

Բոլորը դռները բացում է Աստված եւ բոլոր դռները փակում է Աստված: Ես աստվածավախ տղա եմ եւ մեր բոլոր հաղթանակները ես Աստծո հետ եմ կապել, որովհետեւ եղել են շատ անելանելի վիճակներ, որ խնդրել եմ Աստծուն ճանապարհ ցույց տալ: Ես ոչ ռազմական կրթություն ունեի, ոչ էլ պատերազմով էի անցել: Ամենահեշտը կյանքդ տալն է, բայց ամենադժվարը նա է, երբ ուրիշին ես հրաման տալիս, որ նա իր կյանքը տա: Պատկերացրու, թե այդ ընթացքում հրամանատարի վիճակը ինչքան ծանր ա:

Ես 22 տարեկան էի ու շատ մեծ մորուք էի պահում, որ տարիքս չերեւա, որովհետեւ իմ ջոկատում հորիցս տարիքով մարդիկ կային, ամաչում էի: Նույնիսկ Վազգեն Սարգսյանն իմ տարիքը չգիտեր: Բացի այդ, շատ դժվար է ինքնակամ եկած տղաներին ղեկավարելը, բոլորը հավասար էին: Վազգեն Սարգսյանից էլ շատ բան եմ սովորել: Ամեն հարցի շուրջ ազնիվ էր: Նրանից ազնվություն ու մաքրություն եմ սովորել: Ես շատ էի ուզում, որ իր նման լինեմ, ամեն հարցին ճիշտ աչքով նայեմ ու որպես հրամանատար ճիշտ որոշում կայացնեմ: Ինքն էմոցիոնալ էր, բայց միշտ ճիշտ որոշում էր կայացնում:

Որպես հրամանատար, ո՞րն էր ձեր սկզբունքը: Ասում են, ռազմի դաշտում դիակ չեք թողել:

Ազնվությունը, կյանքում սուտը չեմ ընդունել: Ինչ ուզում է անեին, միայն սուտ չասեին: Ես ոչ մի անգամ պատերազմի դաշտում դիակ չեմ թողել, ո’չ վիրավոր, ո’չ մահացած: Վիրավոր տվել ենք, բայց դիակ չենք թողել: Իմ զինվորների վստահությունը նրանում էր, որ գիտեին, որ ես կյանքում դիակ չեմ թողնում: Անհամաչափ կռիվ կտայինք, զոհեր կտայինք, բայց մեր ընկերոջը չէինք թողնի ռազմի դաշտում: Անգամ թուրքի թողած դիակները թաղել եմ:Ասել եմ հող էիք, հող դարձեք։

Ասում են նաեւ, որ Ձեզ համար հակառակորդը գլխագին է խոստացել:

Ասում էին, խոսում: Եթե ժողովուրդը սիրում է այդ մարդուն, նրա մասին ուզում է առասպելներ հյուսել: Իմ մասին ընենց բաներ էին պատմում, որ երբ լսում էի, քթիս տակ խնդում էի: Եթե հանկարծ այդ ժամանակ գալիս էինք Հայաստան հարսանիք, կամ այլ առիթ էր լինում, ամաչում էինք գնայինք, քանի որ հենց մեզ տեսնում էին, մոռանում էին առիթը: Այդ տարիներին շատ էին մեծարում:

Հիմա չե՞ք զգում նման մեծարանք:

Հիմա էլ ես այդ հարգանքը բոլորի կողմից զգում եմ, միայն լրագրողներն են, որ ոնց ուզում խոսում են մեր մասին: Սահման կա, որ պետք է մաքուր թողնել: Աշխարհում չկա մի մարդ, որը ամենամաքուրն ա, բոլորս էլ թերություններ, սխալներ ունենք: Բայց չի կարելի այսքան մեծացնել: Հիմա հարսանիք եմ անում: Ինչ ասես խոսում են: Ուրախություն է , ի՞նչ է, չանե՞մ: Մեկ-մեկ որ հետ եմ նայում, իմ երեխաներն առանց ինձ են մեծացել, սաղ կյանքս սարերում եմ եղել: Վերջին 5 տարին է, որ եկել եմ քաղաք: Հիմա նոր-նոր ընտանիքիս հետ եմ ուզում լինել, ինչ-որ փոքր ժամանակ երեխեքիս համար չեմ արել, հիմա փորձում եմ լրացնել:

Հիմա էլ ասում են, թե Սարոյանը տղայի հարսանիքը 12.12.12 ամսաթվին ա անում: Մթոմ Սարոյանի մտքով շատ ա անցնում, թե երբ ա լինելու հարսանիքը: Հիմա ինչի իմ տղեն 12-ին չանի, 14-ին անի: Իմ տղան էտ ինչ մի մեծ բան է ուզել, կամ խի՞ իմ տղեն պետք է լավ չապրի կամ ինչի մեր բոլոր երեխեքը լավ պետք է չապրեն:

Ասում են, որ նախորդ հարսանիքի պես այս մեկը ճոխ չի լինելու: Խոսքը վերաբերում է հրավիրյալների ցուցակին: Ասում են նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ մյուս պաշտոնյաները չեն լինելու:

Բայց խի չգան, որ: Ես իրենց երեխաների հարսանիքին գնացել եմ, իրանք խի պետք ա չգան: Ըտեղ ի՞նչ վատ բան կա: Եթե մարդը մարդուն հարգում է, ըտեղ ինչի պետք է քաղաքականություն տեսնենք: Ես բոլորին էլ հրավիրել եմ: Հիմա ով կգա- կգա ով գա բարով գա, իմ տան դռները միշտ բաց են իմ հյուրերի, ընկերների համար: Բայց մարդ ես, կարող է մեկը գործ ունենա՝ չգա:

Քաղաքական դաշտում հիմնականում խնամիանում են իրենց բանագավառի մարդկանց հետ: Ձեր խնամիներն ովքե՞ր են:

Ես այդ տիպի մարդ չեմ: Իմ խնամիների ցավը տանեմ կարգին հարգված մարդիկ են: Քաղաքականության, բիզնեսի հետ կապ չունեն: Նորմալ ընտանիք են իրենց համար ստեղծող, արարող: Մեծ բիզնեսմեններ չեն, բայց իրենց ընտանիքը նորմալ պահող մարդիկ են:

Ձեր կենսագրության մեջ նշվում է, որ 2 զավակ ունեք:

Չէ հիմա արդեն 3-ն ունեմ: Մի հատ էլ 2 տարեկան պստո ունեմ: Սա լրիվ ուրիշ զգացողություն է: Այն ժամանակ գուցե ջահել եմ եղել, այդ զգացողոթյունը չեմ ապրել, բայց հիմա լրիվ ուրիշ զգացողություն է: Համ ավելի ես ջահելանում, համ էլ պետք է ապրես, որ հասկանաս:

Իսկ աղջիկ չէի՞ք ուզի ունենալ եւ, եթե ոչ՝ ինչո՞ւ:

Չգիտեմ փոքրուց չեմ ցանկացել աղջիկ ունենալ: Երեւի Աստված ձայնս լսել է: Համ էլ ինձնից աղջիկ չի ծնվի: Աղջիկ ունենալն այդքան հեշտ չի, պետք է կարողանաս ունենալ: Բայց կարող ա ունենայի, ավելի շատ սիրեի, քան տղերքիս: Քրոջս աղջիկը մեզ հետ ա ապրում: Նրան աղջկա տեղ եմ սիրում: Զգում եմ, որ աղջկաս ավելի շատ եմ սիրում, քան տղեքիս: Կարողա տղեքս մի բան ասեն, ասեմ հավես չունեմ, բայց աղջկաս նման բան չեմ ասի:

Հարցազրույցի երկրորդ մասում կներկայացնենք, թե ինչպես է Սեդրակ Սարոյանը վաստակել իր առաջին միլիոնը, ամուսնացել, որ երգի համար է երաժշտներին շաբաշ թողնում, իր ընկերների մեջ ո՞ւմ է «մեծ ախպեր» համարում եւ մի շարք այլ բացահայտումներ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը