Երեկ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Շամամ Հարությունյանը: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս նշանակման ողջ հմայքն այն է, որ տիկին Շամամը, որն ավելի հաճախ հանդես է գալիս Սոնա անունով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է: Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երեւույթ համարել:
Շամամ Հարությունյանի կենսագրության ուշագրավ հատվածներից կարելի է համարել այն, որ նա 13-ից մինչեւ 16 տարեկանը հարազատ Գեղաշեն գյուղում կոլտնտեսական է եղել, իսկ 1986 թվականին նշանակվել է նույն գյուղի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հարազատ պարտիայի ղեկավարած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1991 թվականին պաշտոն է ստացել Կոտայքի շրջխորհրդի գործկոմում, որտեղ էլ սկսել է նրա կարիերան արդեն նոր` Կապիտալիստական Հայաստանում»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























