Հունվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեն: Հայտարարության մեջ նշվում է, որ ցավոք, այդ նիստում նույնպես Ջավախքի հարցը չդարձավ օրակարգային:
Շարժումը գտնում է, որ «Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում կնքված երկու պայմանագրերը բնավ չեն արտացոլում երկու պետությունների միջև առկա խնդիրները, մասնավորաբար՝ Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգումը չի հանդիսանում միջպետական խնդիր, այն Վիրահայոց թեմի սեփականությունն է, և վերջինիս վերանորոգումը կարող է իրականացնել ցանկացած հայ գործարար: Այս խնդրի լուծումը բնավ կարիք չուներ պայմանագրի, այն էլ` միջպետական: Նաեւ 110 կՎ լարման „Աշոցք-Նինոծմինդա“ էլեկտրահաղորդման գծի իրավական ձևակերպման խնդրի առկայության պայմաններում բնավ կարիք չկար նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման»:
Հայտարարության հեղինակները, ընդգծելով, որ Ջավախքում հայոց լեզվի իրավական կարգավիճակի հարցը մնում է չլուծված, պահանջում են. «անարդյունավետ գործունեության, Ջավախքի հարցում նման անլուրջ մոտեցում դրսևորելու համար զբաղեցրած պաշտոնից հեռացնել Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանին», քանի որ, «նման գործելաոճը, ինչպիսին Վոլոդյա Բադալյանինն է, հատուկ է կամ ոչ կոմպետենտ, կամ կաշառված գործչին»: Պահանջում են նաեւ «հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստերի օրակարգային հարցերի առաջնային կետ դարձնել Ջավախքի խնդիրն` իր բոլոր ուղղություններով, դեպի Ջավախք ուղղորդել մի շարք հայկական գործարարների և ներդրողների, հայ-վրացական միջպետական բոլոր հարաբերություններում որպես հիմք ընդունել Վրաստանի իշխանությունների` տվյալ ժամանակահատվածում Ջավախքի հանդեպ դրսևորած քաղաքականությունը, իսկ միջպետական պայմանագրերը կնքել` հաշվի առնելով ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ջավախքի իրական շահերը»:




























