2009 թվականի հուլիսի 21-ին անազատության մեջ գտնվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբաիր Արման Բաբաջանյանի խնդրանքով, նրան են այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները:
Նույն օրը ՄԻՊ-ի աշխատակիցները ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արման Բաբաջանյանին: Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում նրանք ծանոթացել են առողջական վիճակին և վերջին բժշկական զննության եզրակացությանը, համաձայն որի` Արման Բաբաջանյանի գլխում հայտնաբերվել է յոթուկես մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն: Ըստ Արման Բաբաջանյանի` այդ նույն գոյացությունը գրեթե մեկ տարի առաջ եղել է երկու միլիմետր մեծության:
Այս կապակցությամբ, ՄԻ Պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Արդարդատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որտեղ նշել է, որ Արման Բաբաջանյանը մտավախություն է հայտնել, որ մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը` սեպտեմբերի 16-ը, կարող է բաց թողնվել իր առողջական վիճակի բարելավման համար անհրաժեշտ և կարևոր այն ժամանակահատվածը, որը կարող է իր կյանքի համար անդառնալի հետևանքներ ունենալ:
«Հաշվի առնելով Արման Բաբաջանյանի բանավոր խնդրանքն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրում եմ համապատասխան բժշկական զննություն կազմակերպել և Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման վերաբերյալ մտավախությունը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկել նրա առողջական վիճակը բարելավելու նպատակով: Խնդրում եմ կիրառված միջոցների մասին տեղեկացնել ինձ»,- ասված է Ա. Հարությունյանի նամակում:



















