10 բալանոց սանդղակով Հայաստանում կոռումպացվածության աստիճանը վերջին 6 տարիների ընթացքում գնահատվում է 2,5 միավոր: Վերջին տարիների ընթացքում այդ ցուցանիշն անփոփոխ է: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան` ներկայացնելով այսօր «Կաշառակերությունը և մարդու իրավունքները. Կապի հաստատումը» գիրքը: Նրա խոսքով` աշխատությունը թարգմանվելու է մի քանի լեզուներով, և առաջիններից մեկն է դարձել հայերենը:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով նշել է, որ այսօր կաշառակերությունը լուրջ խնդիր է հանրապետության համար: «Մի զգալի մասն այն բողոքների, որ մենք ստանում ենք, կապված է հենց կոռուպցիայի հետ: Եվ, ցավոք, սա այն երևույթն է, որի հետ պայքարը` իր յուրահատկություններով պայմանավորված, դժվար է»,- ասել է օմբուդսմենն ու հավելել, որ այս երևույթը հայ հասարակության մեջ խորը արմատներ է թողել:



















