Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, բայց սկսելու դեպքում պարտվելու է: «Ադրբեջանը փորձում է արտաքին աշխարհի հետ իր հարցերը լուծել ու պատրաստվում է պատերազմի: Ես դա եմ հասկանում: Մնացածը ձեւական, ժամանակավոր բնույթ է կրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ նշելով, որ տեսնում է պատերազմի իրական վտանգ. «Այսօր Բաքվում ադրբեջանական հետախուզական խմբերը հայերեն լեզու են անցնում, եւ դրանով Պարսկաստանը չեն գրավելու, եւ ոչ էլ Վրաստանը կամ Ռուսաստանը»:

Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը որեւէ պարտավորվածություն չունի պատերազմ չսկսելու. «Ես վստահ, առանց տատանվելու ասում եմ՝ Ադրբեջանը գնում է պատերազմի: Իսկ մենք պետք է պատրաստ լինենք այս պատերազմին, ինչքան էլ դա ցավալի լինի եւ մեր ժողովուրդը վատ ընդունի դա»: Ավելին, Սամվել Բաբայանը համոզված է, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը հսկայական կորուստներ է կրելու եւ պարտվելու է: «Հաղթանակը զենքի եւ մարդկային ռեսուրսի քանակով չի որոշվում: Պատերազմը հաղթում են մտքով, ոչ թե զենքի կամ մարդկանց քանակով: Հավաստիացնում եմ, որ պարտվելու են: Ի վերջո, Ադրբեջանի բնակավայրերը հարյուր մետր հեռու են մեր առաջին գծից: Ադրբեջանի դիլետանտ իշխանությունը դա չի հասկանում: Հայկական կողմի ցանկացած հաջողության դեպքում 2 միլիոն փախստական է լինելու, եւ նավթի փողերով ստիպված են լինելու ոչ թե բանակը զինել, այլ փախստականներին կերակրել»,- ասել է Սամվել Բաբայանը: