Այսօր առավոտյան ավազակային հարձակում է կատարվել ՎՏԲ (Հայաստան) բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկի վրա: Թալանվել է բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում:

Բանկի ղեկավարությունը տեղեկացնում է, որ հարձակումն իրականացվել է առավոտյան ժամը 9.30 սահմաններում: ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ հանցագործները հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ: Բանկի վնասվածքներ ստացած միակ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Կատարվածի հանգամանքները պարզելու համար բանկի անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

Հիշեցնենք, որ ՎՏԲ (Հայաստան) բանկ ՓԲԸ-ն համարվում է ռուսաստանյան ՎՏԲ բանկ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը եւ Հայխնայբանկի իրավահաջորդը: 2009թ. հունիսի 1-ի տվյալներով՝ բանկն ունի 78 մասնաճյուղ, 802 աշխատակից: