Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման պատճառների բացահայտման համար կպահանջվի երկու ամիս: Իրանի ավիացիայի ավագ մասնագետ Ահմադ Մաջիդին, որը Caspian ավիաուղիների 7908 Թեհրան-Երեւան չվերթի վթարի պատճառը հետաքննող աշխատանքային խմբի ղեկավարն է, հայտարարել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառները բացահայտելու համար կպահանջվի մոտ երկու ամիս ժամանակ։
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Մաջիդին հայտարարել է, որ որոնողական խմբերին դեռեւս չի հաջողվել գտնել ՏՈՒ-154 ինքնաթիռի անձնակազմի խցիկի ձայնագրիչ սարքավորումը, որն առանցքային դեր է խաղում ավիավթարի պատճառը պարզելու գործում։ Չի հայտնաբերվել նաեւ անձնակազմի խցիկի ձայնագրիչ սարքավորման ոչ մի մաս։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը՝ ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























