Ճապոնական աշխարհահռչակ Toyota ավտոընկերության նախագահ Ակիո Տոյոդան շվեյցարական Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հրապարակային ներողություն է խնդրել միլիոնավոր ավտոմեքենաներ հետ կանչելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ Ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից ու Չինաստանից հետ է կանչել մոտ 7,5 միլիոն մեքենա, նույնքան, որքան վաճառել է 2009 թ: Պատճառը արագության ոտնակի անսարքությունն է:

Toyota-ն ետ է կանչել հետեւյալ մակնիշի մեքենաները. Yaris, Auris, Corolla, Verso, Avensis եւ RAV4: Միայն Եվրոպայից ետ կանչված մեքենաների թիվը կազմել է 1,8 միլիոն:

Հիշեցնենք, որ այս օրերին Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվում է ամենամյա հիամաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում են գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները: Այս անգամ Հայաստանի կողմից համաժողովին մասնակցելու չի մեկնել ո՛չ երկրի նախագահը ո՛չ վարչապետը, այլ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նկատենք, որ համաժողովին Ադրբեջանը մասնակցում է նախագահի մակարդակով, ով արդեն մասնակցել է էներգետիկ անվտանգությանը նվիրված մի շարք միջոցառումների: