Վերջին մեկ տարվա մեջ խիստ լարված թուրք-իսրայելական հարաբերությունների հետ կապված մեկնաբանությունների համար NEWS.am-ի հարցերին է պատասխանում Թուրքիայի «Գլոբալ քաղաքական ուղղություններ» հետազոտական կենտրոնի Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ջան Յիրիքը:
Դավոսյան հայտնի դեպքերից հետո շարունակվում են լարված մնալ թուրք-իսրայելական հարաբերությունները: Ինչո՞վ են դրանք պայմանավորված, եւ այդ լարվածությունը ի՞նչ աստիճանի կարող է հասնել:
Թուրք-իսրայելական լարված հարաբերությունների պատճառը հանդիսացավ 2008-ի վերջում Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ ռազմական գործողություններ սկսելը: Սակայն խնդիրն այն է, որ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը այցելեց Թուրքիա, եւ նրա այցից մի քանի օր հետո Իսրայելը սկսեց հարձակումը Գազայի վրա: Գազայի դեմ ռազմական գործողություններից օրեր առաջ Իսրայելի նախագահի այցը Թուրքիա այն տպավորությունը թողեց, որ Թուրքիան աջակցել է Իսրայելի հարձակմանը, որը իսլամական աշխարհին տրամադրեց Թուրքիայի դեմ` իսլամական խաղաղ բնակչության կոտորելու համար Իսայելին աջակցելու առումով: Սակայն Թուրքիան Իսրայելի կողմից նախապատրաստվող ռազմական գործողության մասին տեղյակ չէր եւ Իսրայելի նախագահի այցից օրեր հետո սկսած ռազմական գործողությունները Թուրքիային շոկի մեջ գցեցին: Թուրքական իշխանությունները չկարողացան կուլ տալ այս վիրավորանքը, որ Իսրայելը Թուրքիային հանեց իսլամական աշխարհի դեմ:
Թուրքիայի կողմից ամենակոշտ պատասխանը Իսրայելին եղավ 2009-ի դավոսյան համաժողովում, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրեց Շիմոն Պերեսին պաղեստինյան խաղաղ բնակչության կոտորածի մեջ եւ հրապարակավ լքեց սրահը: Սրանով սկսվեց թուրք-իսրայելական քաղաքական լարվածությունը: Բացի սա, ամբողջ 2009 թվականը կարելի անվանել Թուրքիայում Իսրայելի դեմ բողոքի տարի: Բողոքի ակցիաները տեղի էին ունենում Թուրքիայի բոլոր նահանգներում:
Այս համատեքստում պետք է նկատի առնել նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր առանձնահատկությունը: 2009-ի մայիսին Թուրքիայի նոր արտգործնախարար նշանակված Ահմեդ Դավութօղլուի արտաքին քաղաքականության բեւեռը տեղափոխվեց արեւելք` իսլամական աշխարհ:а
Թուրք-իսրայելական հարաբերություններում ժամանակ առ ժամանակ լինում են անհարթություններ: Սակայն այդ լարվածությունները եւ անհարթությունները չեն անցնում վտանգավոր կարմիր գիծը: Թուրքիան եւ Իսրայելը ունեն 60-ամյա ռազմական համագործակցության պատմություն եւ այդ հարաբերությունները աչքի են ընկել բարեկամական բազմաթիվ օրինակներով: 1958 թվականին գաղտնի Իսրայելից Թուրքիա են ժամանում այն ժամանակվա Իսրայելի վարչապետը, արտգործնախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, MOSSAD-ի ղեկավարը եւ հանդիպումներ ունենում Թուրքիայի ղեկավարության հետ: Այս գաղտնի հանդիպումը տարիներ հետո է հայտնի դարձել: Գաղտնի հանդիպման ժամանակ համաձայնագիր է կնքվում, որտեղ արաբական երկրներ չհանդիսացող, իսլամական երկրներ Թուրքիան, Իրանը, Եթովպիան եւ ոչ իսլամական երկիր հանդիսացող Իսրայելը համաձայվում են համագործակցել իրար հետ ռազմական եւ հետախուզական ոլորտում: Այդ համաձայնագրից անմիջապես հետո Իսրայելից Թուրքիա եւ հակառակը զինվորական պատվիրակություններ էին այցելում: Այդ ժամանակ դեռեւս քաղաքական, տնտեսական մակարդակով չկար համագործակցություն, սակայն ռազմական սերտ համագործակցությունը շարունակվում էր: Այդ ժամանակ Թուրքիան հայտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, այդ ընթացքում թուրքական զորքերը մտնում են Կիպրոս եւ որպեսզի Թուրքիան կարողանա դիմակայել դժվարություններին եւ միաժամանակ ստանա արաբական երկրների աջակցությունը՝ ՄԱԿ-ում Կիպրոսի խնդրի հետ կապված, ինչպես նաեւ օգտվի արաբական երկրների նավթային պաշարներից, գաղտնի էր պահում Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը: Սակայն տարիների հետ ի հայտ եկավ PKK-ի ահաբեկչության խնդիրը եւ Հայկական սփյուռքի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այդ ժամանակ Թուրքիան արդեն տնտեսապես հզորացել էր, այլեւս ՄԱԿ-ում արաբական երկրների աջակցության կարիքը չէր զգում Կիպրոսի հարցում, բացի այդ արաբական երկրնեը PKK-ին համարում էին ազատագրական կազմակերպություն, եւ այդ պատճառով Թուրքիան ավելի սերտացրեց Իսրայելի հետ հարաբերությունները եւ թաքցնելու կարիք այլեւս չկար: Թուրքիային նաեւ պետք էր ԱՄՆ-ում հրեական հզոր լոբբին` հակազդելու Հայկական սփյուռքին եւ նրա կողմից կոնգրես մտնող հակաթուրքական օրինագծերին:
Ինչպես նշեցի արդեն, թուրք-իսրայելական հարաբերություններում կա որոշակի սահմանագիծ, որի մեջ վեր ու վար են լինում հարաբերությունները: Ժամանակ առ ժամանակ որոշակի լարվածություն ապրող այդ հարաբերությունների վախճանը հնարավոր չէ: Երբ Իսրայելը ստեղծվեց, կար սառը պատերազմը: Ե՛ւ Իսրայելը, ե՛ւ Թուրքիան գտնվում էին արեւմտյան ճամբարում, եւ այդ երկու երկրները, որոնք միասին պայքարում էին կոմունիզմի դեմ, լուրջ առճակատման չեն դուրս գա իրար դեմ: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ գործում են հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր: Թուրքիայում ռազմական ինքնաթիռների, տանկերի արդիականացման, բժշկության, գիտության եւ այլ բնագավառներում կա լուրջ համագործակցություն: Պետությունների մակարդակով կա ամուր համագործակցություն: Այս իշխանությունը կգնա` նորից հարաբերությունները կլավանան:
Այս ամենի մեջ վտանգավորն այն է, որ Գազայի դեմ իականացրած գործողություններից հետո Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ, բացի Իսրայելին քննադատելուց, օգտագօրծում էին հրեաների ինքնությունը վիրավորող պաստառներ, որոնք հակասեմիզմ էին քարոզում: Այստեղ վտանգավոր մի բան կա, չէ որ Իսրայելին քննադատելը այլ բան է, հակասեմիզմը` հրեային ատելը, այլ բան: Այստեղ է, որ վտանգավոր նշաձողը խախտվեց: Խանութներին պաստառներ էին փակցնում, որի վրա գրված էր. «Հրեաները եւ հայերը չմտնեն»: Բացի այդ Գազայի գործողություններից հետո Թուրքիայի կրթության նախարարությունը մի հանձնարարագիր էր տարածել բոլոր դպրոցներին, ըստ որի՝ աշակերտները առավոտյան դասը սկսելուց առաջ պետք է մեկ րոպե, ի նշան հարգանքի, կանգնեին` Պաղեստինում զոհված երեխաների համար: Թուրքիայի հրեական համայնքը սա կոշտ քննադատության ենթարկեց, եւ այդ հանձնարարագիրը ետ կանչվեց: Սակայն այն դպրոցներում հասցրեցին իրականացնել: Այսինք, աշակերտները սովորականի պես դասից առաջ ասում էին «Ես թուրք եմ, ես աշխատասեր եմ, ես ճիշտ եմ» եւ մեկ րոպե լռությամբ հարգում էին Պաղեստինում զոհված երեխաների հիշատակը: Այս երեույթը խիստ վտանգավոր է, քանի որ, երեխան դեռ ոչինչ չիմանալով՝ լցվում է ատելությամբ հրեաի դեմ, եւ տարիներ հետո այդ սերունդի մոտ կլինի ոչ թե քննադատություն Իսրայելի դեմ, այլ հակասեմիզմ, եւ թշնամություն հրեաների հանդեպ: Նույնը կարելի է ասել Հայաստանին առնչվող հարցում: Հայաստանի կողմից Ղարաբաղի «բռնազավթումը» այլ բան է, հայ-թուրքական հարաբերությունները այլ բան: Թուրքիան պայմանավորելով երորրդ կողմի խնդիրը` Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, ատելություն է սերմանում նաեւ հայերի դեմ: Հիմա եկել են այն կետին, որ թուրքը լսում է Հայաստան, մտածում է, որ հայերը «բռնազավթել» են Ղարաբաղը, ինչն էլ արգելք է հանդիսանում, որ կարգավորվեն հարաբերությունները Հայաստանի հետ: Այսօր Թուրքիայի վարչապետը ասում է, որ արձանագրությունները կստորագրվեն միայն Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, քանի որ նա մտածում է, որ եթե առանց դրա ստորագրի` քվեները կկորցնի: Որովհետեւ Թուրքիայում լսելով Հայաստանի մասին, միանգամից պատկերացնում են նաեւ Ղարաբաղը:
Թուրքական մամուլում եղան հրապարակումներ, որ «Էրգենեկոնի» ետեւում կա Իսրայելի հատուկ ծառայությունների` MOSSAD-ի հետքը:
Իմ կարծիքով Թուրքիայում MOSSAD-ի եւ Իսրայելի վերաբերյալ մեծ լենգենդներ են պտտվում: Ես կարծում եմ, որ Իսրայելը իր արտաքին քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացնում Թուրքիային: Թուրք-իսրայելական հարաբերությունները ինչքան էլ լարվեն` միեւնույնն է Իսրայելը չի ցանկանա Թուրքիայից ավելի ուժեղ որեւէ արաբական երկիր տեսնել տարածաշրջանում: Իսրայելը չի ցանկանում տեսնել անկայուն Թուրքիա, եւ իր օգտին չէ, որ Թուրքիան ներքին քաոսային վիճակի մեջ ընկնի, որովհետեւ նրա հետ ունի բազմաթիվ համաձայնագրեր:
Այո, սակայն հայտնի է, որ «Էրգենեկոնը» փորձելու էր հեղաշրջում իրականացնել` փոխելու համար ներկա իշխանություններին:
Այո, ճիշտ է, սակայն Իսրայելի համար թանկ կնստեր Թուրքիայում հեղաշրջում նախապատրաստելն ու իրականացնելը: Թանկ նստել՝ նկատի չունեմ ֆինանսական առումով, այլ կկորցներ բարեկամին՝ ի դեմս Թուրքիայի, ինչպես նաեւ դա կնպաստեր Թուրքիայում հակասեմիզմի ավելացմանը: Թուրքիայի ղեկավարներից ասացին, որ «Էրգենեկոնը» Իսրայելի ձեռքի գործն է` առանց ապացույցների, որով ծանր վիճակի մեջ գցեցին Իսրայելին: Եթե ապացույցներ կար, թող ցույց տային: Թուրքիայում պետք է մի քիչ առողջ դատեն: Ամեն ինչի ետեւում տեսնում են ԱՄՆ-ին, Հայաստանին, Իսրայելին, MOSSAD-ին: Սա գալիս է նրանից, որ թուրք ազգը չի վստահում իր երկրի պետական կառույցներին: Օրինակ, ներկայումս Թուրքիան եւ Հայաստանը փորձում են կարգավորել հարաբերությունները, իսկ Թուրքիայում ասում են, որ սրա ետեւում ԱՄՆ-ն է: Այո, ԱՄՆ-ը օգնում է՝ իրար հետ հաշտվելու համար, սակայն Թուրքիան իր շահերից ելնելով է ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ինչպես ասացիք, 2009-ը Թուրքիայում եղավ Իսրայելի դեմ բողոքի տարի: Արդեն քանի անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ մեղադրանքներ է ներկայացնում Իսրայելին: Սակայն Իսրայելի պատասխանը համարժեք չէ, Իսրայելը խուսափո՞ւմ է առճակատումից: Իսրայելը վախենո՞ւմ է Թուրքիայից։
Իսրայելի պատասխանը տարբերվում է մյուսներից: Եթե ինչ որ բան լինում է, թուրքերը սկսում են բղավել: Այդպես են նաեւ արաբները: Իսրայելը չմտավ Թուրքիայի հետ լեզվակռվի մեջ: Եթե Թուրքիան կորցնի Իսրայելին` նա շատ բան չի կորցնում՝ ի տարբերություն Իսրայելի, ով Թուրքիային կորցնելով՝ մտածելու բան ունի: Թուրքիան Իսրայելի համար շատ կարեւոր է: Չպետք է սպասել, որ Իսրայելը համարժեք պատասխան կտա Թուրքիային: Դա ռազմավարական առումով սխալ կլինի: Իսրայելը շրջափակված է արաբական աշխարհով, Իրանով, եւ Թուրքիային կորցնելով՝ վտանգի առաջ կկանգնի:
P.S. Նշենք, որ հարցազրույցն արդեն պատրաստ էր, երբ տեղի ունեցան Իսրայելում Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռին նստեցնելու հետ կապված հայտնի իրադարձությունները:
Պատրաստեց Անդրանիկ Իսպիրյանը




























